ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ իր երեկվա հայտարարությունից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին:
«Երեկ ես այս դահլիճում ներկայացրեցի 1998-2018 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների շղթան, պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը 3-ժամանոց քննարկումից անդրադարձել է մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք և որ ինքը, նույնիսկ, կարող եմ մեջբերել, «փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով»:
Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա. ինչո՞ւ է միայն այդ դրվագին արձագանքել Սերժ Սարգսյանը, որովհետև այս դրվագի պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998 թվականի իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղը որևէ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար: Սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն այս դրվագին, որովհետև միայն այս դրվագի պարզաբանումը առանց մանրամասների ընդգծում է, որ 20 տարվա պատմությունն ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ:
Պատահական չի, որ 2020 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018 թիվ, ասում է՝ ես այն ժամանակ ուզում էի երկու անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո մնալ վարչապետ Ղարաբաղի հարցի համար: Նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է:
Ո՞նց էր լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018 թվականի ապրիլի 17-ին այս ամբիոնից ասել է, որ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում, և Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են ու անընդունելի մեզ համար: Գնալու էր և ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները:
Նույն այս ամբիոնից ասել է, որ այլևս երկար ժամանակ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը: Սա էլ այն հարցի պատասխանը, թե իրականում պատերազմական իրադրության հեղինակն ով է: Մեր իշխանությո՞ւնն է պատերազմի հեղինակը, թե՞ մեր իշխանությունը չի»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ դեռևս 1997 թվականին նախատեսվում էր հարցը բաժանել մասերի, սկզբում՝ ԼՂ հարց, հետո՝ խաղաղության պայմանագիր:
«2018 թվականի փաթեթով էլ է այդպես, 2016 թվականի փաթեթով էլ: Այդ փաթեթի մեջ շատ հստակ գրված է, որ այս նախնական սկզբունքները համաձայնեցվում են, հետո սկսվում են կառավարությունների միջև բանակցություններ, շատ կարևոր մի արձանագրում՝ ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ: Այստեղ է, որ «ԼՂ ներկայացուցիչներ» ասելով նկատի էին առնվելու ԼՂ հայեր և ԼՂ ադրբեջանցիներ: Այդտեղ է, որ այդ կարգավորման առաջարկով ԼՂ ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ, և որևէ կարգավորում չէր լինելու, մինչև այդ հարցը չլուծվեր, մինչև Շուշիի հարցը չլուծվեր: Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու՝ պատերազմ էր սկսվելու: Եվ ոչ միայն Շուշին: Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր»,- ասաց Փաշինյանը: