ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ նիստին խոսեց ստեղծված իրավիճակի ու անցյալի սխալների մասին:
«Եթե Արցախը նախկինում մշտապես օգտագործվել է իշխանությունը պահելու, մարդկանց կեղեքելու ու բանակի հզորացման անվան տակ այն թալանելու համար, ապա հեղափոխությունից հետո մինչ այս պահը Արցախն օգտագործվում է իշխանությունը վերադարձնելու համար, իշխանության վերադառնալու համար, կրկին այն գողանալու համար:
Կրթական, տնտեսական, սոցիալական ու մի շարք այլ ոլորտներում ծրագրեր գրեթե չէին իրականացվում, որովհետև պետք էր բանակը հզորացնել, որ հայրենիքը պաշտպանեինք: Անգամ հեղափոխության օրերին էին ֆեյք տեսանյութեր տարածում սահմաններին կուտակումների մասին, որ մարդկանց վախերի միջոցով կանգնեցնեին քաղաքացիական ճշմարիտ անհնազանդությունից: 2018-ից հետո վերացվեց նաև այս նարատիվը:
Կառուցվում և բարեկարգվում են կրթական հարյուրավոր հաստատություններ, իրականացվում և ֆինանսավորվում են սոցիալական, տնտեսական, առողջապահական բազմաթիվ ծրագրեր: Աննախադեպ միջոցներ են ուղղվում Արցախի մեր հայրենակիցների բարեկեցության համար, ավելի մեծ ծավալով է ֆինանսավորվում բանակը: Ու այս ամենը՝ առանց միմյանց հակադրելու Արցախն ու Հայաստանի զարգացումը:
Այո՛, տասնամյակների խաբեության, փուչ կենացների, կեղծ հայրենասիրության հետևանքը ապրիլյան, հետո՝ 44-օրյա պատերազմն էր, որի արդյունքում հազարավոր հայրենակիցներ ենք կորցրել: Բայց մեր եղբայրներն ու քույրերն իրենց կյանքը չնվիրեցին միայն մեր ազատության համար, նրանք իրենց կյանքի գնով բացահայտեցին ճշմարտություններ, որոնց հետ որքան ուշ առերեսվեինք, այնքան մեծ էր լինելու ողբերգությունը»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա շեշտեց, որ որպես պետություն ու ժողովուրդ իրավունք չունենք տրվելու սին պատրանքների:
«Պետք է կարողանանք այս պատմական խաչմերուկում մեր պետականության համար կարևորագույն շրջափուլում մեր որոշումները կայացնենք՝ ելնելով ճշմարտություններից և ոչ երբեք կրկին մեզ մատուցվող կեղծ պաթոսից ու արկածախնդրությունից: Մեզ անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա՝ բանակցություններում ամուր դիրքերից հանդես գալու, արցախահայության բոլոր իրավունքները պաշտպանելու և մեր ժողովրդի համար երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար»,- ասաց Հովհաննիսյանը: