Երևանում «Կյանքի պուրակ» ստեղծելու՝ Կարեն Խաչատրյանի գաղափարը իրագործման փուլում է: Որդին՝ Դավիթը, զոհվել է 44-օրյա պատերազմում՝ Մեխակավանի մարտերում:
Կարեն Խաչատրյան (44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Խաչատրյանի հայրը) - Քանի որ մեծ էր տարածքի պահանջը, որոշեցինք Բուսաբանական այգում: Նախաձեռնող խմբում, բացի ծնողներից, կան ճարտարապետներ, պատրաստ ենք, աշխատում ենք, կարծում եմ՝ ստացվում է:
Զոհված զինծառայողի ծնողի առաջարկը քննարկվեց նաև վարչապետի աշխատակազմում: Նախագծի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Անկախության տարեդարձին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Դա լինելու է Կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները: Այդ պուրակը լինելու է նրա մասին, որ ահա այդ բոլոր մարդկանց, այս բոլոր մարդկանց՝ Հայաստանի ու Արցախի, ապրելու համար են զոհվել նրանք:
Բուսաբանական այգու 80 հա տարածքից 30 հեկտարի վրա կստեղծվի «Կյանքի պուրակը»՝ նվիրված հայրենիքի համար կյանքը նվիրաբերած բոլոր հայորդիների հիշատակին:
Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Նախագծման ավարտական փուլում ենք, մի քանի անգամ նայել ենք մասնագետների հետ, անհրաժեշտություն առաջացավ տեղում դիտարկումներն անենք: Մոտ երկու ամսից կունենանք նախագիծը, ապա հաջորդ քայլերը կլինեն՝ մրցույթներ, շինաշխատանք:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը այգու ղեկավարի, Երևանի քաղաքապետի, քաղաքաշինության կոմիտեի նախագահի ու ճարտարապետների ուղեկցությամբ շրջեց ստեղծվող հուշապուրակի տարածքում: Մինչև նախագծի մշակումը՝ կսկսվեն տարածքը ծառատունկի նախապատրաստելու աշխատանքներ:
Արայիկ Հարությունյան - Եթե «Կյանքի պուրակին» վերևից նայեք, այն ունի մարդու սրտի կառուցվածք, այսինքն՝ ինքն իրենով կյանք տվող պուրակ է, ոչ թե ուզում ենք մահը գովերգենք, այլ կյանքը, ազդարարենք, որ բոլոր տղաները, որոնք իրենց կյանքը տվել են պետության, երկրի, հայրենիքի համար, կյանք են տվել, որ շարունակենք արարել, մեծ ուշադրությունը, որ տալիս ենք պուրակի ամեն դետալին, իրենց տված ստեղծարարության հնարավորությունն օգտագործելն է:
Անկախության տոնին ներկայացված սոսիներն առանձնացված տեղն են ունենալու «Կյանքի պուրակում»: Կտնկվեն տարբեր ծառատեսակներ, թփեր: Կանցկացվի նոր ջրագիծ:
«Կյանքի պուրակի» մուտքը Ծարավ Աղբյուրի փողոցի կողմից է լինելու: Կստեղծվեն հանգստի գոտիներ, կամրջակներ:
Շահեն Մանուչարյան («Երևաննախագիծ» ինստիտուտի գլխավոր ճարտարապետ) - Աստիճանների կասկադն ա, որ բարձրացանք, նախատեսում ենք հարթակների համալիրը: Կլինեն կասկադների համակարգ, ջուրը կհոսի:
Սիրեկան Օհանյան («Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն) - Կա պայմանավորվածություն, որ հուշակոթողը, որը հարթակի վրա տեղավորվելու է, լինելու է բաց ճարտարապետական մրցույթի ձևով, կլինի ճարտարապետակա՞ն կոթող, հուշարձանախո՞ւմբ՝ մրցույթի արդյունքը ցույց կտա:
«Կյանքի պուրակի» ստեղծման խոշոր նախագծի իրականացումը կսկսվի այս տարի, ամբողջությամբ կավարտվի 3-5 տարում: Դիտարկվում է ամբողջ այգին բարեկարգելու հարցը: