Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները 1997 թվականին համաձայն են եղել հակամարտության լուծման փուլային տարբերակին: Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, որպես ապացույց մեջբերել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների 1997 թվականին տեղի ունեցած հանդիպման ընթացքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը:
Մարիա Կարապետյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - «Ուրեմն, վստահ լինենք, որ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ է նշանակում փուլային լուծում. վերադարձնում ենք Լեռնային Ղարաբաղից դուրս մեր հակակշռի տակ գտնվող 7 տարածքներից 6-ը, Լաչինը պահում ենք, Լեռնային Ղարաբաղը պահում է իր բոլոր ռազմական կարելիությունները, վերադարձրած տարածքների վերաբերյալ ապահովում ենք առավելագույն անվտանգություն Լեռնային Ղարաբաղի համար և՛ ռազմական, և՛ միջազգային քաղաքական տեսակետից, պատերազմն ավարտվում է, խաղաղության պայմանագիր ենք ստորագրում Ադրբեջանի հետ, կարգավիճակի հարցը թողնում ենք հետագայի բանակցություններին: Այսինքն՝ տարածքներ՝ խաղաղության համար, և ոչ կարգավիճակի»:
Պատգամավորն ընդգծել է՝ հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնք այդ ժամանակ զբաղեցնում էին Հայաստանի վարչապետի և ազգային անվտանգության նախարարի պաշտոնները:
Մարիա Կարապետյան - Նրանք, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, համաձայնում են հանդիպման ժամանակ: Իհարկե, դրանից հետո կազմակերպում են հայտնի պալատական հեղաշրջումը և սկսում բանակցել, ինչպես Սերժ Սարգսյանը սիրում է ասել՝ թե ինչ են ստանալու, այլ ոչ թե, թե ինչ են տալու: Մի աբսուրդ խոսքային աճպարարություն:
ՔՊ-Ն ԿԻՍՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Թեմայի քննարկումն այսօր շարունակեց իշխող խմբակցության ղեկավարը: Հայկ Կոնջորյանը շեշտեց՝ տարիներ շարունակ Հայաստանի նախկին իշխանությունը ղարաբաղյան հիմնախնդիրն օգտագործել է քաղաքական հաշվեհարդարների, իշխանությունը բռնազավթելու և այն պահելու համար:
Հայկ Կոնջորյան (ՀՀ ԱԺ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար) - Այն մարդիկ, ովքեր այսօր հայրենասիրական բառապաշարով ճամարտակում են հայրենիքի մասին, փաստացի, Արցախը և արցախյան հարցը դարձրել են հրազենի փող, որն ուղղել են իրենց քաղաքական հակառակորդների ճակատին, երբեմն՝ բառի բուն և ուղիղ իմաստով, երբեմն՝ փոխաբերական, և այսօր նորից փորձում են նույն բանն անել Հայաստանի Հանրապետությունում:
Կոնջորյանը հիշեցրեց՝ 2021 թվականի խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքում՝ ժողովուրդը իրենց տվել է մանդատ՝ Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության դարաշրջան հաստատելու համար:
Հայկ Կոնջորյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջությամբ կիսում է այն պատասխանատվությունը, որն իր վրա ստանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն պատասխանատվությունը, որի համար մեզ օժտել է, վարչապետի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը: Մենք մեր ժողովրդի հետ բաց ենք, անկեղծ ենք, ազնիվ ենք: Մենք մեր ժողովրդի հետ երկխոսում ենք, անկեղծանում ենք, և մեր ու ժողովրդի անսասան և անբեկանելի կապն է, որ դառնալու է Հայաստանի պայծառ ապագայի հիմնաքարը, և այդ կապը ոչ ոք չի կարող կտրել:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ ԵՎ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Տարածաշրջանում խաղաղության օրակարգի հաստատմանը պատգամավորներն անդրադարձան նաև տնտեսական տեսանկյունից: Եթե կայուն խաղաղություն հաստատվեր 2000-2001 թվականներին, Հայաստանի տնտեսությունն ամբողջովին այլ կլիներ՝ «Քաղաքացիական պայմանագրից» Խաչատուր Սուքիասյանի տեսակետն է:
Խաչատուր Սուքիասյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Առնվազն 4-5 անգամ կունենանք ավելի մեծ ՀՆԱ, 2 անգամ միջին աշխատավարձը բարձր կլիներ և շատ խնդիրներ լուծված կլինեին, կունենայինք շատ զարգացած, մրցունակ առողջապահություն, այնպիսի բանակ, որը կարող էր իրեն պաշտպանել:
Սուքիասյանի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումն ապագայում կնպաստի Հայաստանի հասարակության բարեկեցությանը:
Պատգամավորն ընդգծեց նաև մյուս հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալների մեծացման կարևորությունը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան