ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Օրակարգային առաջին հարցի շրջանակներում կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը ներկայացրել է ընթացիկ տարվա մարտ ամսվա ընթացքում համապատասխան աշխատանքային խմբի կողմից ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:
Հիմնական զեկուցողն անդրադարձ է կատարել նաև տվյալ ստորաբաժանումում քննված քրեական գործերի հարուցման ուղղություններին, ինչպես նաև վերլուծել նախաքննության կազմակերպման արդյունավետությանը վերաբերող որոշակի ցուցանիշներ, խոսել ուսումնասիրության ընթացքում արձանագրված խնդիրների, բացթողումների և թերացումների մասին:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև արձանագրված խնդրահարույց երևույթներն ապագայում բացառելուն ուղղված մի շարք առաջարկություններ և նկատառումներ:
Օրակարգային հաջորդ հարցով Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը վերլուծել է նաև զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային բաժինների եռամսյակային գործունեության արդյունքները՝ վերջիններս համեմատելով նախորդող տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կարևորել է ուսումնասիրությունների և վերլուծական աշխատանքի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ նմանատիպ ուսումնասիրությունների արդյունքում բարձրանում է կառույցի գործունեության արդյունավետությունը:
Կոմիտեի նախագահը հանձնարարել է, որ երկամսյա ժամկետում շտկվեն ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում և բաժիններում արձանագրված խնդիրները, ու համապատասխան գործընթացներ ծավալվեն աշխատանքային խմբի կողմից բարձրացված առաջարկությունների ապահովման մասով:
Խորհրդակցության ավարտին անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարում կոմիտեի այլ ստորաբաժանումներում նախատեսվող համանման ուսումնասիրությունների ժամանակացույցին և ընթացակարգային մի շարք հարցերի ևս: