Ապրիլի 10-ին Վարդենիսի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության մասին տեղեկություններ էին ստացել, որոնք իրացվել են Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու և Վարդենիսի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառմամբ։ Կարճաղբյուր գյուղում հայտնաբերվել ու, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Վարդենիսի բաժին բերման են ենթարկվել, 26 տարեկան երկու երիտասարդ, որոնցից մեկը՝ Նոր Հաճն քաղաքի, մյուսը՝ Ալավերդու բնակիչ:
Նոր Հաճնի բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «շոկո» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, մեթադոնային լուծույթ, կանեփանման զանգված և 2 կաթուցիչ՝ մոխրացած զանգվածով:
Ըստ նրա՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանից՝ ինտերնետային կայքի միջոցով:
Իրավապահները պարզել են նաև, որ երիտասարդը թմրանյութի մի մասը լցրել էր կաթուցիչների մեջ, մեկն ինքն էր օգտագործել, մյուսը իրացրել էր լոռեցի ընկերոջը:
Վարդենիսի ոստիկաններն օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակել են։
Ապրիլի 12-ին ոչ միայն պարզել են մեթադոնային լուծույթը իրացնողի ինքնությունը, այլև նրան Երևանի Ավան թաղամասում հայտնաբերել ու բերման են ենթարկել բաժին։ 51-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «Մեթադոնային լուծույթ» գրառմամբ տարաներ։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։