Նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ քրեական գործի նախաքննությունը 2 տարի տևեց: Գործն ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Քննչական խմբի ղեկավարի խոսքով՝ նախաքննությունը երկար է տևել՝ կապված գործի բնույթի, ծավալի հետ:
Բազմադրվագ գործով իրականացվել են քննչական լայնածավալ գործողություններ:
Գլխավոր դատախազի պաշտոնում Հովսեփյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Վստահված անձանց միջոցով հիմնադրել, փաստացի կառավարել է ավտոտեխզննման կայան, հիմնադրել, շահագործել է երկու փոքր հէկ, մասնակցել անվադողեր ներմուծող ընկերությունների կառավարմանը, դրանք վաճառել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Ավելի քան 6 մլրդ 800 միլիոն դրամ եկամտի հանցավոր ծագումը թաքցնելու համար կառուցել է Բյուրականի առանձնատունը:
Վոլոդյա Սիմոնյան (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության ՀԿԳ ավագ քննիչ) - Առանձնատունը նախկինում պատկանել է Նկարիչների միությանը, առանձնատունն ունի 2 հա-ից ավելի տարածք, բազմաթիվ շինություններ: Ապօրինի ճանապարհով ստացած գումարներով Բյուրականում գտնվող առանձնատունը կառուցելու արդյունքում առանձնատան արժեքը բարձրացել է, կազմում է 1 մլրդ դրամից ավելի:
Այդտեղ կառուցվել է նաև մի շինությունից այլ շինություններ, լողավազանից հյուրատուն, հյուրատնից տան հետնամասում գտնվող կիրճի հատված տանող ստորգետնյա թունել:
Վոլոդյա Սիմոնյան - Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Աղվան Հովսեփյանին պատկանող առանձնատան հետնամասում՝ կիրճի հատվածում, գտնվել են 27 հա-ից ավելի արոտավայրեր, որտեղ գյուղացիները զբաղվել են անասնապահությամբ: Նույն այդ հողատարածքներում կրկին փոքր հէկեր հիմնադրելու նպատակով իր ազդեցությունն է ունեցել Բյուրականի նախկին համայնքապետի վրա, ապօրինի ձեռք բերելու համար տարածքը, որը արվել է: Հէկի շինարարությունը տեղի չի ունեցել, քանի որ գյուղացիները բողոքել են:
Ըստ նախաքննության՝ հանցավոր ճանապարհով ստացած գումարով Մաշտոցի պողոտայում ձեռք են բերվել 2 բնակարան, ավտոտնակ: Հովսեփյանը, նախկին «Երևան հեռուստաընկերության» սեփականատիրոջից տեղեկացված լինելով նրա շահերին առնչվող քրգործերի մասին, հովանավորչության համար որպես կաշառք պահանջել է 206 մլն դրամ արժեքով 50 բաժնետոմս, որը ստացել է որդուն նվիրաբերելու եղանակով:
Աջափնյակում գտնվող ավելի քան 672 մլն դրամ արժեքով 3 հա հողատարածքը Հովսեփյանի առաջարկով ձևակերպվել է ընկերոջ՝ Վրեժ Մարկոսյանի անվամբ, հետո Հովսեփյանը նրան դրդել է հողատարածքը գրանցել որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ:
Նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է առաջադրվել 6 հոդվածով, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացած եկամուտն օրինականացնելու համար: Առաջադրված մեղադրանքներից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը նախատեսում է 7-12 տարի ազատազրկում:
Վոլոդյա Սիմոնյան - Կալանքի արդյունքում եղել են հարցաքննված անձինք, որ տվել են ցուցմունք, կալանքի տակ լինելը արդյունավետ է եղել քրգործի բազմակողմանի, օբյեկտիվ քննության օրենսդրական պահանջը կատարելու համար:
Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հովսեփյանը մեղադրանքը չի ընդունում, նախաքննության ընթացքը գնահատում է ոչ օբյեկտիվ և ուղղորդված:
Քննիչ Սիմոնյանի խոսքով՝ մեղադրանքներից 2-ը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, բացահայտվել են բացառապես նախապես պլանավորված քննչական գործողություններով:
Գործը դատարան ուղարկելու համար դատախազությունն ունի 5 օր: