Թուրքիան բանակցություններ է վարում Ուկրաինայում հակամարտության կողմերի հետ և ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ նման հանդիպման անցկացումը կախված է Ռուսաստանի ղեկավարի համաձայնությունից։
«Վերջին շրջանում՝ Բուչայի դեպքերից հետո, կողմերը միմյանց դատապարտող շատ հայտարարություններ են արել։ Դա ազդել է բանակցային գործընթացի վրա։ Մենք շարունակում ենք խոսել կողմերի հետ։ Մենք բանակցությունների ներկա ընթացքին մոտենում ենք ոչ լավատեսությամբ, ոչ էլ հոռետեսությամբ։ Մենք այս դեպքում իրատեսական դիրքորոշում ունենք»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Էրդողանը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ: