Միացյալ Նահանգները շարունակում է պնդել, որ G-20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգում ընդգրկվի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը, ինչպես նաև արգելվի Ռուսաստանի մասնակցությունն այդ բազմակողմ հանդիպմանը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակին։
«Շատ թեմաներ կան, որոնք կարելի է քննարկել: Վլադիմիր Պուտինի գործողությունները Ռուսաստանը դարձնում են այն երկիրը, որին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարծիքով, պետք չէ թույլ տալ մասնակցել միջազգային համաժողովներին»,- ասել է Սակին:
Նրա խոսքով՝ Բայդենի հակառուսական հռետորաբանությունը չի նշանակում, որ Վաշինգտոնը չի աջակցում Մոսկվայի և Կիևի բանակցություններին։ Սպիտակ տան խոսնակը կարծիք է հայտնել, թե քիչ հավանական է, որ նախագահ Պուտինը որոշի հրաժարվել խաղաղ բանակցություններից ԱՄՆ նախագահի խոսքերի պատճառով։