Meta-ն կասեցրել է ադրբեջանական կիբեռլրտեսական ցանցի գործունեությունը: Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հետ կապ ունեցող համակարգը կիբեռհարձակումներ է գործել Ադրբեջանի քննադատների դեմ, ըստ «Մետա»-ի արշավի մի մասն էլ ուղղված է եղել Հայաստանի դեմ:
Մի քանի սոցիալական ցանցեր՝ Ֆեյսբուք, Վոթսափ, Ինստագրամ ընդգրկող «Մետա» ընկերությունը IT անվտանգության ուսումնասիրություններ պարբերաբար է անցկացնում:
2022 թվականի առաջին ամիսների գործունեությանը վերաբերող զեկույցում անդրադարձ կա Ուկրաինային, Ռուսաստանին, Ֆիլիպիններին: Զեկույցի առաջին գլուխը Իրանի ու Ադրբեջանի մասին է:
Արթուր Պապյան (մեդիափորձագետ)- Ուշագրավ է այն, որ այնտեղ խոսվում է հիբրիդային օպերացիայի մասին և վերագրվում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը: Եթե մյուս դեպքերում նշվում է, որ, հավանաբար, պետության հետ կապված խմբեր են, ապա այս դեպքում անհերքելի ապացույցներ երևի ունեն, որ այսպես են գրել:
Զեկույցի համաձայն` Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հետ կապ ունեցող այդ ցանցը տարբեր գործիքներ է կիրառել՝ ֆիշինգից մինչև վիրուսային ծրագրերի տարածում և գաղտնաբառերի կորզում: Խմբի անդամները տվյալների հավաքագրման նպատակով նույնիսկ կեղծ օգտահաշիվներ են բացել հայտնի մարդկանց անուններով ու ներկայացել որպես Ֆեյսբուքի ադմինիստրացիայի աշխատակիցներ:
Արթուր Պապյան - Ընդ որում` հարձակումներն ուղղակիորեն ուղղված են եղել Ադրբեջանի քննադատների դեմ` ադրբեջանցի լրագրողներ, քաղաքական գործիչներ, բայց «Մետա»-ն նշում է, որ արշավի մի մասը ուղղված է եղել Հայաստանի դեմ:
Lրտեսական խումբն աշխատել է ավելի քան 70 վեբ կայքերի և դոմեյնների միջոցով: Որոշ կայքեր ռուսական կամ թուրքական դոմեյններ են ունեցել։ Հիմա այդ կայքերից Ֆեյսբուքում, Ինստագրամում կամ Վոթսափում լուրեր տարածել չեն կարող, հղումները «Մետա»-ն չեզոքացրել է:
Ադրբեջանական կիբեռհարձակումների և լրտեսական ծրագրերի մասին, ի դեպ, միայն «Մետա»-ն չէ, որ բարձրաձայնել է:
Արթուր Պապյան - Պարբերաբար հրապարակումներ է անում Qurium-ը, որը նման հարցերով է զբաղվում, և OC media-ն:
Երկու տարի առաջ ևս Ֆեյսբուքի ղեկավարությունը երկար հետաքննության արդյունքում Ադրբեջանի իշխանությունների հետ կապ ունեցող հազարավոր կեղծ էջեր էր ջնջել, որոնց գործունեության թիրախում կրկին երկրի ընդդիմությունն էր և հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան