Բաքվի առաջարկած «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքները» և դրա վերաբերյալ Երևանի արձագանքը կոչված են՝ հիմք ծառայելու խաղաղության պայմանագրի շուրջ ադրբեջանա-հայկական բանակցություններ սկսելու համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը վճռական է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն աջակցելու հարցում։
«Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի շրջանակներում։ Մինչդեռ Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ։ Անհրաժեշտ են տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության վերականգնման ուղղությամբ հետագա հետևողական քայլեր, քանի որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան դադարեցրել են համանախագահների համագործակցությունը»,- նշված է Զախարովայի տարածած հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ այսուհետ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը կշարունակի աշխատանքը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ:
«Նրա ուշադրության կենտրոնում կլինեն վերոնշյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցերը։ Հուսով ենք, որ Բաքվում և Երևանում մեր դաշնակիցներն ու գործընկերները կօժանդակեն Խովաևի ջանքերին։ Բաց ենք այլ շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար»,- նշել է Զախարովան: