Ազգային ժողովը Տիգրան Մարկոսյանին և Անուշ Բեղլոյանին ընտրեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ:
Անուշ Բեղլոյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Բեղլոյանի համոզմամբ՝ մրցակցությունը խթանում է նորարարությունը, արտադրողականությունը և նպաստում արդյունավետ բիզնես միջավայրի ստեղծմանը, մեծացնում երկրի ներդրումային գրավչությունը՝ ապահովելով ինչպես ազգային, այնպես էլ օտարերկրյա ներդրումներ, օգուտ բերելով սպառողներին:
Անուշ Բեղլոյանի կարծիքով՝ չնայած մրցակցության առավելություններին՝ հակամրցակցային գործողությունները երկու հիմնական պատճառներով դեռևս տարածված են: Առաջինն արմատացած գործարար վարքագիծն է, որը զսպում է մրցակցությունը, իսկ երկրորդը՝ պետության նորմատիվ կարգավորումներն են կամ շուկաների միջամտությունը, ինչը ծանրաբեռնում է և բացառում մրցակցությունը: Նա հավաստիացրել է, որ այս խնդիրներն իր գործունեության առանցքում են լինելու: Թեկնածուն կարևորել է մտավոր սեփականության ինստիտուտի պաշտպանությունը:
Ելույթում Մարկոսյանն անդրադարձել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այն հիմնահարցերին, որոնք լուծման կարիք են ունեցել, երբ ինքը ժամանակին առաջադրվել էր հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար:
Տիգրան Մարկոսյանը ներկայացրել է այդ հիմնահարցերի լուծման ուղղությամբ հանձնաժողովի կատարած աշխատանքները, անդրադարձել իր գործունեության ուղղություններին, ինչպես նաև հանձնաժողովի կատարած աշխատանքներին ու անելիքներին:
Տիգրան Մարկոսյանը մասնագիտությամբ իրավաբան է, Փաստաբանների պալատի անդամ, 2019 թ. առ այսօր ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ է: