Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային գրասենյակի ծրագրերի պատասխանատուներ Պոլ Կոբլանին և Սիրարփի Հայկազյանին։ Քննարկվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության խթանմանն առնչվող հարցեր։
Ծրագրերի պատասխանատուները փոխանցել են Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) պատրաստակամությունը՝ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու Քաղաքաշինության կոմիտեին՝ Հայաստանում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության ոլորտային ծրագրի իրագործման հարցում։ Այդ նպատակով նախատեսվում է համադրել ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից բխող կոմիտեի առաջնահերթությունները և AFD-ի չափանիշները։
Հանդիպման ընթացքում կողմերը նախնական դիտարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանն առաջարկել է համատեղ իրականացնել կոմիտեին վերապահված՝ պետական և համայնքային մի քանի շենքերի անձնագրավորման պիլոտային ծրագիրը, որի շնորհիվ հնարավոր կլինի ամբողջական տեղեկատվություն ունենալ շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ:
Իսկ բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության խորհրդական Եվգենյա Աթայանը ներակայացրել է ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում բազմաբնակարան շենքերի մասնագիտացված կառավարման համակարգին անցնելու նախաձեռնությունը: Ըստ այդմ, դիտարկվել է նաև կառավարիչների մասնագիտական վերապատրաստման դասընթացները AFD-ի հետ գործակցությամբ կազմակերպելու հնարավորությունը:
Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, շնորհակալություն հայտնելով կոմիտեին աջակցելու AFD-ի նախաձեռնության համար, ընդգծել է էներգաարդյունավետության ծրագրերի միջոցով կլիմայի փոփոխության խնդիրների կարգավորման կարևորությունը:
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են աշխատանքային ամենօրյա հաղորդակցություն հաստատել մասնագետների միջև և հստակեցնել ժամկետներ՝ երկկողմ առաջարկները մանրամասն քննարկելու համար: