Ապրիլի 10-ին՝ ժամը 23:15-ին, ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ ստացվեց, որ Գետափնյա փողոցի 13-րդ շենքի մոտ կրակում են։ Րոպեներ անց հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքներով բուժհաստատություն է տեղափոխվել 55-ամյա Գուրգեն Խաչատրյանը։ Տղամարդն արդեն մահացած էր։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզեցին, որ ժամը 23.00-ի սահմաններում նշված շենքի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Գորիսի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ հրազենով կրակել էր Գուրգեն Խաչատրյանի ուղղությամբ:
Դեպքի վայրում հայտնաբերվեցին 9 մմ տրամաչափի փամփուշտի 3 պարկուճ, դանակ, արնանման հետքեր և այլն:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Նշանակվեցին փորձաքննություններ:
Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների, այդ թվում՝ բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 12-ին 32-ամյա տղամարդը ներկայացավ դեպքի նախաքննությունը վարող մարմնին։
Նա կալանավորվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: