Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 12-ին քամու ամենամեծ արագությունը՝ վայրկյանում 33 մետր, գրանցվել է Պուշկինի լեռնանցքում: 28 մետր վայրկյան արագություն է գրանցվել Վայոց ձորում:
Ընդհանուր առմամբ՝ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել է 57 ահազանգ:
Ավերածությունների առաջին ահազանգը, սակայն, կենտրոնում ստացան Երևանից: Մայրաքաղաքում քամու պոռթկումը վայրկյանում հասել է մինչև 20 մետրի:
Ըստ ստացված ահազանգերի՝ ավերածությունների զգալի մասը ոչ թե Գեղարքունիքում, Վայոց ձորում ու Սյունիքում է գրանցվել, որտեղ կանխատեսել էին ամենաուժգին քամիները, այլ Երևանում:
Արթուր Վարդանյան (ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի բաժնի հրահանգիչ) - Ընդհանուր՝ 57 ահազանգ ենք ունեցել երեկվա դրությամբ, որից 31-ը բաժին է ընկել Երևան քաղաքին:
Երևանում վնասվել է 17 շինության տանիք. քամուց վնասված տանիքների զգալի մասը շինարարական սխալ չափորոշիչների հետևանք են: Վնասվել են գովազդային վահանկներ, ընկել էլեկտրասյուներ և ծառեր: Արդյունքում տուժել է 8 տրանսպորտային միջոց: Շենք-շինությունների տանիքների հետ կապված՝ քաղաքապետարանում հիմա հաշվում են վնասի չափը:
Ահազանգեր են ստացվել նաև Արարատից, Արմավիրից, Սյունիքից ու Կոտայքից: Վայոց ձորից ստացված տասը ահազանգից 9-ը ևս վնասված տանիքներին է վերաբերում:
Բարեբախտաբար, քաղաքացիների տուժելու վերաբերյալ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ չեն ստացել: