ԱԺ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն բանից հետո, երբ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվեց սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ, հնչեց քննադատություն, թե Հայաստանը հրաժարվել է ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու գաղափարից:
«Իրականությունը մի փոքր այլ է: Մենք այդ գաղափարից չենք հրաժարվել, բայց նաև գիտեք, որ Ուկրաինայի իրադարձությունների բերումով համանախագահության ներսում հարաբերությունները ծայրաստիճան լարված են: Ի դեպ, այդ լարվածությունը սկիզբ էր առել դեռ 2011 թվականին՝ Սիրիայի իրադարձություններից, ինչը անխուսափելիորեն ազդեցություն ունեցավ մեր տարածաշրջանային զարգացումների վրա:
Եվ հիմա էլ, այդ լարվածությունը հաշվի առնելով, մենք չենք կարող պասիվ սպասել համանախագահության գործողություններին, մյուս կողմից՝ երկկողմ խոսակցությունների մեկնարկը որևէ կերպ չի արգելում համանախագահության ներգրավումը գործընթացում:
Եվ, այո՛, մեր համոզմունքն այն է, որ գործընթացի նախապատրաստությունը պետք է մեկնարկել անհետաձգելիորեն, և պետք է հուսալ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կկարողանան տրված հանձնարարականները պատշաճ ժամկետում կատարել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը կարևոր է համարում այն, որ այսօր ողջ միջազգային հանրությունը գործընթացին աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում:
«Այս պատեհությունը պետք է իսկապես օգտագործել»,- նշեց նա: