Ֆրանսիայի նախագահի թեկնածու «Ազգային միավորում» աջ ծայրահեղական կուսակցությունից Մարին Լը Պենը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում երկիրը դուրս կբերի ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցներից և մտադիր չէ ֆրանսիական զորքերը փոխանցել ԵՄ-ի ընդհանուր հրամանատարությանը՝ հայտնում է Interfax-ը
«Խոսքը ոչ թե ՆԱՏՕ-ից, այլ նրա գլխավոր հրամանատարական կառույցներից դուրս գալու մասին»,- ասել է նա մամուլի ասուլիսում։ Լը Պենը հիշեցրել է, որ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի ինտեգրված հրամանատարական կառույցները լքել է 1966 թվականին, երբ իշխանության ղեկին էր Շառլ դը Գոլը։ Երկիրն այս կառույցներին վերադարձավ 2009 թվականին՝ Նիկոլա Սարկոզիի օրոք։
Լը Պենը նաև զգուշացրել է, որ եթե ԵՄ-ում ստեղծվի ընդհանուր ռազմական հրամանատարություն, ինքը դեմ կլինի այնտեղ ֆրանսիական զորքերի տեղափոխմանը։
Խոսելով ԵՄ-ի մասին՝ Լը Պենն ընդգծել է, որ անհրաժեշտ է համարում «բարեփոխել այն ներսից», և խոստացել է, որ իշխանության գալու դեպքում չի ձգտի Ֆրանսիան դուրս բերել այդ ասոցիացիայից։
Նա հանդես է եկել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման օգտին՝ առաջարկելով վերադառնալ Հնդկաստանին, աֆրիկյան որևէ երկրի, իսկ ավելի ուշ՝ նաև Լատինական Ամերիկայի մի երկրի այնտեղ մշտական տեղ հատկացնելու գաղափարին:
Միաժամանակ Լը Պենը քննադատել է Գերմանիայի հետ Ֆրանսիայի համագործակցությունը, քանի որ կարծում է, որ Փարիզն ու Բեռլինը տարբեր հետաքրքրություններ ունեն շատ ոլորտներում։ Նա նաև դեմ է Գերմանիայի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալուն: