Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը շարունակում է մնալ կիսադատարկ քրեակատարողական հիմնարկների երկիր՝ ԱԺ նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեջբերելով Եվրոպայի խորհրդի 2021 թվականի քրեական վիճակագրությունը:
«Ըստ այդմ՝ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 36,8 անձ, այսինքն՝ մեր երկրում 100 բանտային տեղից զբաղված է 36,8-ը: Սա խոսում է Հայաստանի ՔԿՀ-ներում գերբեռնվածության խնդրի իսպառ վերացման մասին: Հատկանշական է, որ բանտային բնակչության խտության ցուցանիշով, 2021 թվականի արդյունքներով, Հայաստանը զիջում է միայն Մոնակոյին և զգալիորեն ավելի լավ ցուցանիշներ ունի մնացած եվրոպական երկրների համեմատությամբ: Այս ընթացքում Հայաստանում փակվել է երկու քրեակատարողական հիմնարկ»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանն ընդգծեց այս ցուցանիշի քաղաքական իմաստը:
«Ժամանակ առ ժամանակ մեր կառավարությանը մեղադրում են, իբր, քաղաքական հակառակորդներին հալածելու, քաղաքական հետապնդումներ իրականացնելու, բռնապետություն հաստատելու փորձերի մեջ:
Պատմականորեն ապացուցված փաստ է. նման երկրներում բանտեր բացվում են և ոչ թե փակվում: Նման երկրներում բանտերը լեփ-լեցուն են և ոչ թե կիսադատարկ: Սա, իհարկե, չի նշանակում, թե այսօրվա Հայաստանում բոլոր նրանք, ովքեր, օրենքի տառին համապատասխան, պետք է բանտում լինեին, բանտում են: Սա նշանակում է, որ բոլոր նրանք, ովքեր պիտի ազատության մեջ լինեին, ազատության մեջ են: Եվ սա է Հայաստանի մասին մեր ունեցած պատկերացումը»,- ասաց ՀՀ վարչապետը: