ԱԺ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել մինչև ապրիլի վերջ ստեղծել դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանձնաժողով և սկսել աշխատանքը:
«Ո՞րն է այս հարցում մեր մարտավարությունը: Ճշտել սահմանների հարցում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումները, պաշտոնապես արձանագրել այդ նույն հարցում Հայաստանի դիրքորոշումները, մեր դիրքորոշումներում լինել մաքսիմալ լեգիտիմ, այսինքն՝ սահմանի ճշգրտման հարցում օգտագործել միայն դե յուրե նշանակություն ունեցող փաստեր ու փաստարկներ, այդ լեգիտիմության ճանաչումը ստանալ միջազգային հանրության շրջանում և այդ հենքի վրա հասնել համաձայնության Հայաստան-Ադրբեջան սահմանների վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ սա նշանակում է դելիմիտացիայի գործընթացում հիմնվել Հայաստանի Հանրապետության տարածքի ճշգրտման համար դե յուրե նշանակություն ունեցող փաստերի և ոչ թե ցանկությունների կամ զրույցների վրա:
«Բրյուսելից հետո իմ հասցեին շատ ինտենսիվ քննադատություն եղավ, որ հրաժարվել եմ զորքերի հայելային հետքաշման առաջարկից: Այս առնչությամբ պիտի ասեմ, որ նախկինում մի քանի անգամ արձանագրել ենք, որ զորքերի հայելային հետքաշումը մեր կողմից նախապայման երբեք չի եղել, և մենք պարզապես կարծում ենք, որ դելիմիտացիայի բնականոն գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների առնչությամբ, որտեղ անվտանգության և կայունության որոշակի մակարդակ կա, ինչը, ցավոք, չենք կարող ասել Հայաստան-Ադրբեջան այսօրվա սահմանի մասին:
Մեր մտահոգությունը, թե Ադրբեջանը ցանկանում է դելիմիտացիային զուգահեռ պահպանել ռազմական լարվածությունը սահմանին՝ Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներն արդարացնելու և նոր նկրտումներ ձևակերպելու համար, ի վերջո ընկալված է միջազգային հանրության կողմից, բայց նաև մենք արդեն վտանգավոր մի գծի էինք հասել, երբ զորքերի հայելային հետքաշման առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնելու քաղաքականություն: Դրա համար, ինչպեսև ասել եմ Կառավարության մարտի 31-ի նիստում, մենք ճկունություն ցուցաբերելու պատրաստակամություն ենք հայտնել և Բրյուսելում ցուցաբերել այդ ճկունությունը՝ հույս ունենալով, որ միջազգային հանրությունը առավել ուշադիր կլինի սահմանի երկայնքով տիրող անվտանգային միջավայրին»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ Բրյուսելում ոչ թե զրոյից պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծման վերաբերյալ, այլ վերջնական հանգրվանի են հասցվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռքբերված պայմանավորվածությունները:
«Այս ամենը նաև հիմք է ստեղծել, որ անհրաժեշտության դեպքում թե՛ Ռուսաստանի Դաշնությունը, թե՛ Արևմտյան և թե՛ մյուս գործընկերները իրենց տեղեկատվությամբ, փորձառությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն սահմանների դելիմիտացիայի աշխատանքներին»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրեց, որ դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովն ունենալու է կրկնակի մանդատ:
«Առաջինը բուն դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը: Սա նշանակում է, որ հանձնաժողովը սահմանային իրավիճակի մոնիթորինգի որոշակի լիազորություն է ունենալու, նաև՝ սահմաններում անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելուն ուղղված կոնկրետ առաջարկով հանդես գալու հնարավորություններ: Անհրաժեշտության դեպքում այս գործընթացում հնարավոր կլինի նաև միջազգային փորձագիտական ներուժ ներգրավել:
Տեղեկացնեմ նաև, որ հիմա աշխատում ենք հանձնաժողովի ձևաչափի և անհատական կազմի վրա, և ամենաուշը ապրիլի 30-ին պետք է փորձենք անհատական կազմը հստակեցնել: Այս ընթացքում մեր համապատասխան պաշտոնյաները պետք է աշխատեն ադրբեջանական կողմի հետ և ընդհանուր հայտարարի հասնեն կազմակերպչական այս հարցում»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը: