Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ներկա լինել Սոթք-Խոզնավար հատվածում՝ իրական սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության անվտանգության համար՝ ԱԺ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նաև ուզում եմ արձանագրել, որ այդ իրադարձությունների հետևանքով օկուպացիայի տակ հայտնված 45 քառակուսի կիլոմետր տարածքները, ցավոք, միակը չեն Հայաստանի Հանրապետությունում: Դեռևս 90-ականների սկզբից ևս շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածքներ գտնվում են այդ կարգավիճակում, և ինչպես ասել եմ՝ մեր քաղաքականությունն է՝ հարցի լուծումը դիտարկել դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովի գործունեության համատեքստում»,- ասաց Փաշինյանը:
Այն, ինչպես որ տեղի ունեցածին արձագանքեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, ըստ Փաշինյանի, ձախողում էր նաև կազմակերպության համար:
«Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի, ՀԱՊԿ-ը մինչև օրս խնդրո առարկա հատվածում մոնիթորինգ իրականացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիտորդի կարգավիճակում:
Փաստն այն է, որ մինչև օրս ՀԱՊԿ-ը նույնիսկ դիտորդի կարգավիճակում որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել»,- ասաց Փաշինյանը: