Քրեական ոստիկանությունում անօրինական միգրացիայի կազմակերպման վերաբերյալ տեղեկություններն իրացվեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ։
Ապրիլի 12-ին ԱՄՆ դեսպանատան մոտից քրեական ոստիկանության գլխավոր վարչություն հրավիրվեցին մի խումբ անձինք:
Իրավապահներն արդեն պարզել էին, որ նրանք թիավարությամբ զբաղվող հասարակական կազմակեպության անդամ չեն, սակայն ֆեդերացիայի նախագահը, որը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հաշվառված 35-ամյա տղամարդ է, շահադիտական նպատակով խոստացել էր կազմակերպել նրանց մեկնումը ԱՄՆ։
Այդ նպատակով ֆեդերացիայի նախագահը նրանցից վերցրել էր, նախնական տվյալներով, 1500-ից 8 հազար դոլար: Իսկ մեկնելու առիթը ապրիլի 18-28-ը Ֆլորիդա նահանգում տեղի ունենալիք ուսումնավարժական հավաքին մասնակցելն էր:
Պարզվել է նաև, որ հասարակական կազմակերպության նախագահը քրեական ոստիկանություն հրավիրված անձանց, նախկին ամսաթվերով, ձևակերպել է որպես կազմակերպության անդամ ու աշխատակից։
Նաև կազմակերպել է նրանց անվամբ փաստաթղթերը դեսպանատուն ներկայացնելը: ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագրերի տրամադրումը՝ իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացնելու համար:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: