Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է երկրի՝ Ռուսաստանի մաս դառնալու հնարավորությունը։ Այդ մասին նա ասել է Վլադիվոստոկում լրագրողներին՝ գրում է Interfax-ը։
«Ասում են, որ Բելառուսը ներառվելու է Ռուսաստանի կազմում։ Պուտինն ու ես այնքան հիմար չենք, որ գործենք հին մեթոդներով: Մենք երկու անկախ պետությունների այնպիսի միասնություն ենք կառուցելու, որ մեզնից շատ բան սովորեն, այդ թվում՝ ինչպես հաղթահարել պատժամիջոցները և այլն»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նշել է, որ Բելառուսն ու Ռուսաստանը սկսել են սերտ համագործակցել պատժամիջոցների մեծացման պայմաններում, և դա նոր խթաններ է տալիս։
«Պատժամիջոցների շրջանը հնարավորությունների ժամանակ է: Վերջապես մենք սկսեցինք համագործակցել Ռուսաստանի հետ այնպես, ինչպես պետք է վաղուց արվեր»,- հավելել է Բելառուսի նախագահը։
Ապրիլի 12-ին Լուկաշենկոն Ամուրի շրջանի «Վոստոչնայա» տիեզերակայանում բանակցություններ է վարել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք, մասնավորապես, քննարկել են համագործակցությունը տիեզերական արդյունաբերության ոլորտում։