Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահները մեկնել են Կիև՝ քննարկելու Ուկրաինային նյութական աջակցություն ցույց տալու հարցը։ Այդ մասին չորեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կաբինետի ղեկավար Պավել Շրոտը։
Նրա խոսքով՝ չորս երկրի ղեկավարները Կիև են գնացել «Ուկրաինային նախատեսվող խորհրդանշական, քաղաքական, ինչպես նաև նյութական աջակցության շուրջ բանակցությունների»։
Պատասխանելով ռազմական աջակցության մասին հարցին՝ Շրոտը նշել է, որ «զենքի մատակարարումն առաջնային է, քանի որ այն անհրաժեշտ է Ուկրաինային իր տարածքը, իր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար»։ «Մենք չենք կարող մանրամասնել, բայց բոլոր երկրները, որոնց նախագահները մեկնում են Կիև, նման աջակցություն են ցուցաբերում»,- ասել է նա։
Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահները Կիև են մեկնել գնացքով։ Հաղորդվում է, որ այս կերպ նրանք իրենց աջակցությունն են հայտնում Ուկրաինային և նրա նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։