ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը այսօրվա դրությամբ 3825 է:
«Նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ-ով նույնականացվել ու հուղարկավորվել են 2021 թվականին: Գերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են՝ 2021 թվականի հիմնական սիմվոլը, ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը. ինչու այսպես եղավ: Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ ու հիմա պատրաստվում եմ դա անել:
Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի և թե՛ պարտության համար: Բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու և այդպիսով նաև դավաճանության մեջ: Առաջին հայացքից սա կարող է աբսուրդ թվալ, որ ընդունում եմ մեղքը, բայց չեմ ընդունում մեղադրանքը, և թերևս բոլոր՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական և թե՛ ապագայի մասին խոսակցության տիրույթում հասունացել է պահը, որ այս երկվությունը լուծվի:
Վերջերս տված հարցազրույցներից մեկում ակնարկել էի, որ եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհանձնելու մեջ: Եվ ես հիմա, այո, ուզում եմ խոստովանել, որ մեղավոր եմ դրանում: Մեղավոր եմ, որ 2018, 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, կրկնում եմ բոլոր՝ հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաև, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում:
Մեղավոր եմ, որ հստակ և աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող՝ մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար, և միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն՝ դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի: Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին: Եվ սա չանելն է իմ իրական մեղքը, և մեղադրանքի նման ձևակերպումը ամենևին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, այլ ընդհակառակը՝ դրանով ավելի եմ սրում, որովհետև հանձնելով՝ գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով՝ փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա:
Եվ թերևս նմանօրինակ դեպքերի համար է ծնվել հայտնի ասացվածքը, որն ասում է. դա ավելին է, քան հանցագործությունը, դա սխալ է: Կամ ինչպես մեր դեպքում կասեինք՝ դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ իրավիճակի բարդությունն այն է, որ սրանով պատմությունը չի ավարտվում, որովհետև մի հարց է ժամանակին հանրության, ժողովրդի հետ այդ մասին խոսելը, երկրորդ հարց է զիջումների անհրաժեշտության մեջ ժողովրդին համոզելը, և երրորդ հարց՝ այդ ամենը կյանքի կոչելը:
«Որպեսզի ժամանակին այդ մասին ժողովրդի հետ խոսեի, նախ ինքս ինձ պիտի համոզեի, որ դա ճիշտ ճանապարհ է: Եվ ինքս ինձ, խոստովանեմ, չկարողացա համոզել: Իսկ ինչո՞ւ չկարողացա համոզել: Այն նույն պատճառով, ինչ պատճառով մինչև օրս մեր մի շարք ընդդիմադիր գործընկերներ չեն կարողանում համակերպվել իրականության հետ, և այդ պատճառը պայմանականորեն կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. «Սանասա՞ր, թե՞ Կուբաթլի, Զանգելա՞ն, թե՞ Կովսական:
Այն նույն պատճառով, որ Արցախի և Հայաստանի մի շարք խորհրդարանական գործընկերներ մինչև օրս Արցախի տարածքային ամբողջականության մասին խոսելով՝ հաճախ նկատի են ունենում ոչ միայն Շուշին ու Հադրութը, այլև 7 շրջանները, որոնք Արցախի օրենսդրությամբ մինչև օրս էլ համարվում են Արցախի Հանրապետության մաս:
Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ 25 տարի մենք Հայաստանի հանրությանը ասել ենք, թե բոլոր զրկանքները, որ կրել ենք և կրում ենք, ունեն մի մեծ նպատակ, և այդ նպատակը Արցախի ազատությունն է: Բոլոր զրկանքները, որ մենք կրում ենք հանուն հզոր բանակ ունենալու է, և դժվար է հավատալ, որ այդքան զրկանքների վրա կառուցված բանակը չի կարողանա պաշտպանել մեր երազանքը: Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետև աշխարհաքաղաքական կենտրոնները ընդհանուր առմամբ նույն ուղղությամբ էին մտածում՝ այն իմաստով, որ բոլորն էլ աներկբա ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայցևայնպես միակամ և միասնական չէին պոտենցիալ հանձնումից հետո տեղի ունենալիք իրադարձությունների տրամաբանության մասով, և այդ հակասությունները, որոնք արդեն իսկ սրվել էին Սիրիայում, Լիբիայում, Վրաստանում, Ուկրաինայում, ի վերջո, Լեռնային Ղարաբաղում միանշանակորեն հանգեցնելու էին պայթյունի:
Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետև երբ ծանոթանում էի բանակցային փաստաթղթերին, համոզվում էի, որ Սերժ Սարգսյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանը առաջ էր քաշում նորանոր պահանջներ, և որ Ադրբեջանի ակնկալիքները անիրատեսական են և անընդունելի մեզ համար:
Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի:
Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետև դժվար էր համոզվել, որ 30 տարիների զրկանքների արդյունքում կարելի է պարզապես հանձնել հաղթանակի պտուղները ու դիմացը չստանալ ոչինչ: Սա ընդունել՝ նշանակում էր խոստովանել, որ հռչակելով պետություն՝ մենք ստեղծել ենք ֆասադ և լիովին ու գլխովին ձախողել ենք պետության ինստիտուցիոնալ կայացման գործը: Նույնիսկ երկար տարիների ընդդիմադիր լինելով՝ ես չկարողացա սա խոստովանել ինքս ինձ, ու առավել ևս չէի կարող նման որոշում ու դատավճիռ հրապարակել մարդկանց աչքերի մեջ նայելով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ դա ասում է ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին խոսակցություն բացելու համար: Փաշինյանը շեշտեց, որ բովանդակային առումով իրավիճակը չի փոխվել, ու ինքը չի ուզում նույն սխալները կրկնել:
«Այս ամբողջ իրադրության ու պատմության մեջ քաղաքական ու ռազմաքաղաքական առումով մի քանի բան է փոխվել միայն: Ադրբեջանը ստացել է 7 շրջանները և մի հատված Լեռնային Ղարաբաղից, Արցախում տեղակայվել են ռուս խաղաղապահներ: Մնացած ամեն ինչը, բացարձակապես ամեն ինչը նույնն է: Եվ ես չեմ ուզում և չեմ կարող այս մասին ուղիղ և անկեղծ չասել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին և ժողովրդին»,- ասաց Փաշինյանը: