ԱԺ-ում Կառավարության ծրագրի կատարման 2021 թվականի արդյունքների ներկայացման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց մեկնաբանել ընդդիմության այն թեզը, որ եթե ընտրել ենք ժողովրդավարությունը, ուրեմն զիջում ենք անվտանգությունը։
«Այդ հարցը կա, եղել է և շարունակելու է լինել։ Պետք է շատ անկեղծ և ազնիվ լինենք և տեղի ունեցածը գենետիկ մակարդակում հասկանանք։ Մենք իրականում շատ ուշացել ենք ժողովրդավարության հարցում, և դա է պատճառը, որ առերեսվում ենք այս ամենին։
Չպիտի խոսենք ժողովրդավարության կամ չժողովրդավարության համատեքստում՝ ձեր ասած հարցի կոնտեքստում։ Պետք է խոսենք այն մասին, թե որքանով ենք կարողացել մրցունակ պետություն ստեղծել։ Հարցի պատասխանը բոլոր քաղաքացիները գիտեն՝ սկսած բանակից, շարունակած ոստիկանությունով, քննչական մարմիններով: Եկեք խոստովանենք, որ վարել ենք պայթյունը հետաձգելու քաղաքականություն, սա հստակ է։
Այն պատկերացումները, որ մենք ունեցել ենք, իրական որևէ հիմք չեն ունեցել: Մենք մեր պատկերացումներին համարժեք պետական ինստիտուտներ և մրցունակ պետություն չենք ունեցել։ Եթե ավելի շուտ լինեինք ժողովրդավար․․․ Ի վերջո, եկեք չմոռանանք, որ առաջին պատերազմում հաղթանակը տարվել է ժողովրդավարության պայմաններում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Արցախի հարցը ՀՀ-ում օգտագործվել է իշխանության հասնելու և իշխանություն պահելու համար։
«Ժողովրդավարությունը նպատակ չէ, այլ միջոց, որ երկիրը լինի մրցունակ։ Ընտրություններից հետո համոզվել ենք, որ խորհրդարանական կառավարման համակարգը ճիշտ ձև է»,- ասաց ՀՀ վարչապետը։