Խոսելով 2021 թվականի ձախողումների մասին՝ ԱԺ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշատակեց մայիսի 12-ի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատվածում:
Թե ինչու տեղի ունեցավ ձախողումը՝ վարչապետն առաջարկեց տեղի ունեցածը դիտարկել դրան նախորդած մի շարք կարևոր իրադարձությունների խորապատկերում:
«2021 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը արձակվեց իրավունքի ուժով, և մեր երկիրը թևակոխեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ, և միանշանակ է, որ դրանից երկու օր անց տեղի ունեցած ներխուժման մոտիվացիաներից մեկը Հայաստանի պետական ինստիտուտները և պետականությունը կաթվածահար անելն էր, նախընտրական և հետընտրական քաոսի հարուցումը և ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալը: Կարող ենք ուղիղ ասել, որ դա հարձակում էր նաև Հայաստանի ժողովրդավարության վրա:
Բայց մայիսյան ներխուժման համատեքստը կիսատ կմնա, եթե հաշվի չառնենք փետրվարին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը բացահայտ կերպով քաղաքականության մեջ ներքաշվեց՝ Կառավարության հրաժարականը պահանջող հայտարարություն տարածելով: Պետք է արձանագրել, որ ընդդիմությունը, որի երբեմնի առաջնորդի խոստովանությամբ՝ ինքը դեռ պատերազմի ժամանակ էր գեներալներին կոչ անում հրացանափողերն ուղղել ոչ թե հակառակորդի, այլ Կառավարության շենքի վրա, ի վերջո, հասավ իր նպատակին, և պարզվեց, որ բանակում կան ուժեր, որոնց ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն՝ ինչ կատարվում է սահմանին, այլ այն, ինչ կատարվում է Հանրապետության հրապարակում, Բաղրամյան պողոտայում, Մելիք-Ադամյան փողոցում:
Զինված ուժերի քաղաքականացումը, ներքաշումը քաղաքական ինտրիգների մեջ հերթական անգամ ցույց տվեց իր աղետաբերությունը, և երբ հետահայաց վերլուծում ենք շատ իրադարձություններ, երբեմն տպավորություն է, թե ռազմական անհաջողությունները ոմանց պարզապես անհրաժեշտ են Հայաստանում իշխանափախության շարժառիթ ձևակերպելու համար: Իհարկե, սա կարող է կոնսպիրոլոգիա թվալ, որը ոչ մի կոնկրետ փաստով հիմնավորված չէ, բայց վերլուծությունները հանգեցնում են նման մտքերի: Մի շարք բարձրաստիճան զինվորականների բացահայտ հայտնվելը ընդդիմադիր դաշտում՝ պաշտոնանկությունից անմիջապես հետո, հաստատում են այն վարկածները, որոնց մասին խոսել եմ հայտնի իրադարձություններից առաջ»,- ասաց Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ նրանցից շատերն այսօր ընդդիմադիր ելույթներ են ունենում, մինչդեռ, վարչապետի ձևակերպմամբ, իրենք են եղել անձնական պատասխանատուն մի շարք ձախողումների, որոնց համար մեղադրում են Կառավարությանը:
«Ամեն դեպքում, հենց բանակի երկարամյա քաղաքականացումը, նրա լիարժեք ներգրավումը կոռուպցիոն շղթաներում դարձան այն համակարգային խոցերից, որոնք մեզ կանգնեցրին աղետի առաջ: Ու նկատի ունեմ ոչ միայն ուղիղ, այլև հարակից էֆեկտները: Վերը նկարագրված անպատասխանատվության, քաղաքականացման և ընդդիմադիրացման ֆոնին է, որ ինչպես բոլորովին վերջերս պարզվեց՝ Հայաստանի զինված ուժերում Ադրբեջանի կողմից ձևավորված լրտեսական ցանցեր են գործել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: