ԵՄ-Ի ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է՝ ԻՆՉՊԵՍ ԿԱՎԱՐՏՎԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ. ԲՈՐԵԼ
Եվրամիությունը չի նպաստում Ուկրաինայի շուրջ հակամարտության տարածմանը, ավելին՝ փորձում է զսպել այն։ Նման հայտարարություն է արել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Նաև փորձում ենք թույլ չտալ, որ մահաբեր զենք կիրառվի։ Մենք դիվանագիտական լուրջ ջանքեր ենք գործադրում։ Հարկավոր է անել ամեն ինչ՝ հնարավորինս շուտ դադարեցնելու պատերազմը։ Մեզ համար կարևոր է՝ ինչպես այն կավարտվի»,- նշել է դիվանագետը, համոզմունք հայտնել՝ հակամարտությունը պետք է դադարեցվի բանակցությունների ճանապարհով։
Ժոզեպ Բորելի խոսքով՝ ԵՄ-ն ռազմական աջակցություն է տրամադրում Կիևին, քանի որ կառույցի անդամ երկրների ղեկավարները համոզված են՝ Ուկրաինան պաշտպանում է եվրոպական արժեքները։
Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել էր Բորելի` ավելի վաղ արած հայտարարությանն այն մասին, թե «այս պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում»։ Գերատեսչության պնդմամբ՝ Եվրամիությունը վերջնականապես հրաժարվել է խաղաղապահ արժեքներից և իր բառապաշարից հանել քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին թեզը։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՄԵԴՎԵԴՉՈՒԿԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ
Վոլոդիմիր Զելենսկին իր Տելեգրամ ալիքում հրապարակել է պետական դավաճանության և ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանն օժանդակելու համար մեղադրվող ուկրաինացի քաղաքական գործիչ, Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի լուսանկարը: Կիևում պնդում են, որ Մեդվեդչուկը սերտ կապեր ունի նաև Ռուսաստանի նախագահի հետ: Վլադիմիր Պուտինը նրա դստեր կնքահայրն է։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկրի անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է անցկացրել Մեդվեդչուկին գտնելու և ձերբակալելու համար: Զելենսկին առաջարկել է Մոսկվային Վիկտոր Մեդվեդչուկին փոխանակել ուկրաինացի ռազմագերիների հետ։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով Զելենսկու առաջարկին, նշել է, որ Մեդվեդչուկը Ռուսաստանի քաղաքացի չէ, այլ օտարերկրյա քաղաքական գործիչ։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԿԻԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ըստ BILD պարբերականի, հրաժարվել է Կիևում ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին` վերջին տարիներին Ռուսաստանի հետ նրա սերտ կապերի պատճառով։
Գերմանիայի նախագահը հաստատել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները։
«Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ինձ առաջարկեց Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ղեկավարների հետ այցելել Ուկրաինայի մայրաքաղաք՝ Կիևին համաեվրոպական համերաշխություն հայտնելու նպատակով։ Ես պատրաստ էի գնալու»,- պարզաբանել է Շտայնմայերը։
Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկն էլ հայտնել է, որ նախագահի փոխարեն Կիևը պատրաստ է ընդունելու կանցլեր Օլաֆ Շոլցին։
Կանցլերն արձագանքել է՝ դեռ մտադիր չէ այցելել Ուկրաինա։ Իսկ Գերմանիայի նախագահին չընդունելու Կիևի որոշումը նա մտահոգիչ է անվանել։
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԾԱՆՐ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Գերմանիայի իշխող կոալիցիան համաձայնել է Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարել։ Այդ մասին հայտնել է Ազատ դեմոկրատական խմբակցության պաշտպանական հարցերով փորձագետ Մարկուս Ֆաբերը։
«Գերմանիան շատ արագ ծանր սպառազինություն կմատակարարի Ուկրաինային։ Ուրախ եմ, որ կարողացանք մեր կոալիցիոն գործընկերներին համոզել՝ գնալու այդ քայլին»,- նշել է նա։
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ ԱՅԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ
Ռուսաստանը կարող է ավելացնել էներգառեսուրսների սպառումն ու վերամշակումը երկրի ներսում՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
«Մեզ համար այլընտրանքային հնարավորություններ են բացվում։ Մեր էներգետիկ ռեսուրսները կարող ենք արտահանել այն տարածաշրջաններ, որտեղ դրանք իսկապես անհրաժեշտ են»,- նշել է ՌԴ նախագահը։
Առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովն էլ հայտնել է, որ Ռուսաստանում առևտրային իրավիճակը կայուն է և վերահսկելի։ Նա նշել է՝ երկրի տնտեսությունը շրջափակելու Արևմուտքի փորձերը հաջողությամբ չեն պսակվի։
Պաշտոնական Մոսկվան, սակայն, հայտարարում է՝ երկիրը չի փակվում արտաքին աշխարհից և դեռ բաց է ամերիկյան գործարար շրջանակների հետ երկխոսության համար։
ԱՄՆ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿՀԱՄԱՐՎԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԹԻՐԱԽ
Ռուսաստանը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի` Ուկրաինայի տարածքում զենք տեղափոխող տրանսպորտային միջոցները կհամարի օրինական ռազմական թիրախ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։
«Մեր հատուկ գործողությունը դանդաղեցնելու, ռուսական զորամիավորումներին և Լուգանսկի ու Դոնեցկի կազմավորումներին վնաս հասցնելու փորձերը խստորեն կկասեցվեն»,- զգուշացրել է Սերգեյ Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ Կիևին Վաշինգտոնի ռազմական լայնամասշտաբ աջակցության ֆոնին ԱՄՆ վարչակազմի հետ ցանկացած շփում Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ անիմաստ է թվում:
«Անվտանգության երաշխիքների շուրջ հնարավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու մասով ԱՄՆ-ն հրաժարվել է շարունակել երկխոսությունը։ Մենք դա ի գիտություն ենք ընդունել»,- ընդգծել է պաշտոնյան։
ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Շվեդիայում մայիսին նախատեսված է երկրի իշխող Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների արտահերթ հանդիպումը։ Օրակարգում երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցն է։ Վարչապետ Մագդալենա Անդերսոնի խոսքով՝ դաշինքին Շվեդիայի հնարավոր անդամակցության և համապատասխան դիմում ներկայացնելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն էլ հայտնել է, որ երկիրը մոտակա շաբաթների ընթացքում կորոշի` անդամակցե՞լ ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ: