2021 թվականի ձեռքբերումներից անկյունաքարայինը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի մասին զեկույցը:
«Աղետալի պատերազմից հետո տեղի ունեցած այդ ընտրություններն ի ցույց դրեցին մեր պետականության ու ժողովրդի դիմակայունությունը, պետականություն ունենալու մեր կամքը, բարձրացրին ՀՀ միջազգային վարկը և արձանագրեցին մեր հավատարմությունը ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 2021 թվականի ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց:
«44-օրյա աղետալի պատերազմից հետո հանրային հուզումների և ալեկոծությունների, հարձակումների և սպառնալիքների մթնոլորտում քաղաքական մեծամասնությունը ժողովրդի բարձրագույն իշխանության կարգավիճակը պահպանելու և պաշտպանելու ուժ գտավ իր մեջ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալով:
Նախորդ տարի տեղի ունեցած ընտրական գործընթացով Հայաստանը ոչ միայն հաղթահարեց ներքաղաքական ճգնաժամը, այլև միջազգային ինստիտուտների գնահատմամբ, ընտրական ավտորիտարիզմ ունեցող երկրների շարքից անցում կատարեց դեպի ընտրական ժողովրդավարությամբ երկրների շարք: Հայաստանը մուտք գործեց, պայմանականորեն ասած, ժողովրդավարության բարձրագույն լիգա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: