ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐՑԸ
Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի բրյուսելյան վերջին հանդիպման ընթացքում քննարկվել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների հերթական խմբի վերադարձի հարցը: Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի: Մենք հիմա շարունակում ենք բանակցել դրա շուրջ:
Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Լիլիթ Կիրակոսյանի հարցին` նախարարը հավելեց՝ պատերազմի հետևանքով անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդիրը առաջնային ուշադրության կենտրոնում է, սակայն Ադրբեջանը մինչև օրս չի կատարում նրանց անհապաղ ազատ արձակելու, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը:
Արարատ Միրզոյան - Տարբեր պատրվակներ բերելով, այնուհետև խնդիրը կապելով ականապատված դաշտերի քարտեզների հետ, թեև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ որևէ այդպիսի կորելացիա չկար, ապա այլ պատճառներ, պատրվակներ բերելով` այժմ Ադրբեջանը, ցավոք, փորձում է խնդիրը կապել Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած անձանց փնտրելու հարցի հետ: Պետք է ասեմ, որ այդ հարցերն ընդհանրապես իրար հետ կապ չունեն, և, այնուամենայնիվ, մենք, որպես բարի կամքի նշան, արել ենք և շարունակում ենք անել մեր շատ հումանիստական, մարդասիրական քայլերը և ակնկալում ենք, որ այն նույնպիսին պետք է լինի Ադրբեջանի կողմից պահվածքը:
ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Միրզոյանն անդրադարձավ նաև իր և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ ապրիլի 11-ին կայացած հեռախոսազրույցին: Նախաձեռնությունը եղել է ադրբեջանական կողմինը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Բրյուսելում երկու երկրի ղեկավարների հանդիպման արդյունքով ձեռք բերված պայմանավորվածությունները:
Արարատ Միրզոյան - Այն է՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք ենթադրյալ կարգավորման այդ պայմանագիրը՝ ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ երկու կողմերի պատկերացումներին:
ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ ԵԱՀԿ ՄԽ ՁԵՎԱՉԱՓՈՒՄ. ՄԻՐԶՈՅԱՆ
«Քաղաքացիական պայմանագրից» Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց՝ որոնք են Հայաստանի պատկերացումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի հետագա գործունեության վերաբերյալ, և նախարարն ինչ տպավորություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ ձևաչափից:
Արարատ Միրզոյանն ընդգծեց՝ երկկողմ ձևաչափ գոյություն չունի, իսկ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ Հայաստանի պատկերացումներն ամբողջությամբ մնում են ուժի մեջ:
Արարատ Միրզոյան - Երկկողմ բանակցություններ տեղի չեն ունեցել, եղել է խոսակցություն բանակցությունների մեկնարկի մասին, ոչ թե բովանդակային բանակցություններ: Մենք տեսնում ենք ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափում: Ըստ էության` այն կոնֆերանսը, որով հիմնադրվել է այդ ձևաչափը, այդ կոնֆերանսի որոշումը ոչ ոք աշխարհում չի չեղարկել, և այդ որոշումն ուժի մեջ է: Ցավոք սրտի, գիտեք, որ համանախագահող երկրների միջև հակասությունները այս պահին հայտնի պատճառներով այդքան բարենպաստ չեն, որպեսզի նրանք երեքով կարողանան քննարկում կազմակերպել, և մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով որևէ վակուում առաջանա:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՆԱՐԳԵԼ ՄՈՒՏՔ ՈՒՆԵՆԱՆ ԱՐՑԱԽ. ՄԻՐԶՈՅԱՆ
Պատասխանելով պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին` արտգործնախարարը մանրամասներ հայտնեց նաև ապրիլի 12-ին տեղի ունեցածի վերաբերյալ, երբ խորհրդարանի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին չէր թույլատրվել մուտք գործել Արցախ:
Արարատ Միրզոյան - Կապի մեջ ենք եղել և՛ ԼՂ իշխանությունների, և՛ ՌԴ իշխանությունների հետ՝ բարձր մակարդակով: Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում՝ սադրանքներից զերծ մնալու նկատառումներով:
Արարատ Միրզոյանը հավելեց՝ Հայաստանի քաղաքացիները, առավել ևս` Ազգային ժողովի պատգամավորները պետք է անարգել մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքով շարժի որևէ սահմանափակում նախատեսված չէ:
Հեղինակ` Նորայր Շողիկյան