44-օրյա պատերազմից հետո և 2021 թվականին Արցախին աջակցելու, բնականոն կյանքը վերականգնելու նպատակով Հայաստանի Կառավարությունն իրականացրել է 136 մլրդի 2 տասնյակից ավելի միջոցառում՝ նշեց Կառավարության ծրագրի 2021-ի կատարողականի հարակից զեկուցող, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Առաջին հերթին պետությունը երաշխավորել է Արցախում արտակարգ իրավիճակներում, ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումը:
2020 թ. նոյեմբերին Արցախի 100000 քաղաքացու տրամադրվել է միանվագ 68 հազար դրամ և հավելյալ 15 հազար դրամ՝ Հայաստանում անշարժ գույք չունենալու պարագայում: Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ տրամադրվել է 300 հազար դրամ, որի ընդհանուր բյուջեն կազմել է 10,6 մլրդ դրամ, շահառուների թիվն անցել է 35000-ը: Իսկ հրետակոծության հետևանքով Արցախում բնակարանը կամ տունը կորցրած 5388 շահառուի միանվագ հատկացվել է 250000-ական դրամ:
Մհեր Գրիգորյան - Երկու միջոցառում է իրականացվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալած և Արցախում հրետակոծության հետևանքով բնակարանը կամ տունը կորցրած անձանց հյուրընկալած ընտանիքներին օժանդակելու նպատակով: Հայաստանում յուրաքանչյուր հյուրընկալված չափահաս անձի համար տրամադրվել է 30 հազար դրամ, Արցախում՝ 45 հազար դրամ։ Միջոցառման ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 2,9 մլրդ դրամ:
Հայաստանում արցախցի մեր հայրենակիցներին հյուրընկալած հյուրատներին տրամադրվել է յուրաքանչյուր չափահաս անձի համար 30 հազար դրամ: Արցախի նախադպրոցական տարիքի բոլոր երեխաներին տրամադրվել է 20000-ական դրամ, փոխհատուցվել է 4210 ուսանողի ուսման վարձը:
Մհեր Գրիգորյան - 4 ամիս անընդմեջ՝ սկսած 2021 թ. մարտից, Արցախում հաշվառված կամ բնակված անձանց աջակցություն է տրամադրվել ամսական 68 հազար դրամի չափով: Միջոցառման բյուջեն կազմել է շուրջ 27,1 մլրդ դրամ, շահառուների թիվը այս միջոցառման՝ շուրջ 109000: 2021 թ. սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղահանված և Արցախում բնակելի տունը կորցրած անձանց ամսական աջակցություն է տրամադրվել հետևյալ չափերով՝ երեխաներին, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին՝ 50 հազար դրամի, այլ խմբերին՝ 25 հազար դրամի չափով:
Գրիգորյանն ընդգծում է՝ հետագայում ծրագիրը երկարաձգվել է. 2022 թ. հունվար-փետրվարին 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին ամսական 40 հազար դրամ է հատկացվել, այլ խմբերին՝ 20 հազար դրամ:
Մհեր Գրիգորյան - Դեռևս 2020 թ. վերջին Կառավարության կողմից ընդունվել է երեք որոշում, որոնց շրջանակներում շուրջ 5,1 մլրդ դրամ հանրագումարով արտոնյալ բյուջետային վարկեր են տրամադրվել Արցախի կառավարությանը՝ Արցախի տնտեսությանն աջակցելու նպատակով: Որպես նվիրաբերություն 2020 թ. դեկտեմբերին 1 մլրդ դրամ գումարի չափով աջակցություն է տրամադրվել Արցախի կառավարությանը Արցախի տարածքում 2020 թ. սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին ամբողջ բնակչության սպառած էլեկտրաէներգիայի և գազի ծախսը անհատույց ֆինանսավորելու նպատակով։
Արցախցիների սպառած գազի, էլեկտրաէներգիայի, կապի ծախսերի, նաև ոչ պետական կազմակերպությունների վարձու աշխատողների աշխատավարձի ֆինանսավորման նպատակով Արցախի կառավարությանը 2021 թ. ապրիլին որպես նվիրաբերություն տրամադրվել է շուրջ 4,1 մլրդ դրամ, 2021 թ. հուլիսին՝ 7,4 մլրդ դրամ:
Ընդհանուր առմամբ, 2021 թ. հուլիս-դեկտեմբերին ՀՀ պետական բյուջեից Արցախին տրամադրվել է նաև 64,1 մլրդ դրամ գումարի չափով արտոնյալ վարկ՝ Արցախի կենսաթոշակների, նպաստների, պետական հատվածի աշխատողների աշխատավարձի, առողջապահական, կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով: Այս տարվանից իրականացվում է նաև Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր:
Այս տարի Արցախին աջակցության համար նախատեսված գումարի չափն աճել է՝ կազմելով 144 մլրդ դրամ:
Հեղինակ` Վրույր Մկրտչյան