Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում գիտության և արվեստի STARMUS 6-րդ փառատոնի անցկացման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի և հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչները:
Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Հարգելի գործընկերներ, գիտեք, որ այս տարվա սեպտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու STARMUS փառատոնը, և այդ միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար այժմ պետք է քննարկենք, թե ուր ենք հասել՝ ինչ է արվել մինչև հիմա, և ինչ անելիք ունենք»:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են փառատոնի շրջանակում նախատեսված միջոցառումների նախնական ծրագիրը և ժամանակացույցը: Անդրադարձ է եղել միջոցառումների ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական ասպեկտներին, այդ ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքներին: Քննարկվել են ենթակառուցվածքային և լոգիստիկ խնդիրների լուծմանը, միջազգային և տեղական հանրային իրազեկման գործընթացի, մարքեթինգային արշավի կազմակերպմանը, փառատոնի հասանելիության ապահովմանը վերաբերող և այլ հարցեր:
Փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը նշել է, որ նման մասշտաբի գիտության փառատոն տարածաշրջանում անցկացվելու է առաջին անգամ, ինչը և մեծացնում է դրա գրավչությունը: Նախատեսվում է հանրահայտ գիտնականների, արվեստագետների, երաժիշտների մասնակցություն, որոնց թվում են նաև 8 Նոբելյան մրցանակակիրներ:
Ընդգծելով STARMUS 6-րդ փառատոնի լավագույնս անցկացման կարևորությունը՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետությունը հնարավորինս կաջակցի այդ գործընթացին և կապահովի միջգերատեսչական արդյունավետ գործակցություն:
«STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով փառատոնը Հայաստանում կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը: Այն նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին:
Փառատոնի շրջանակում նախատեսվում է հյուրընկալել 3-5 հազար այցելու աշխարհի տարբեր երկրներից: