Ադրբեջանը փորձում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգն իրականացնել այնպես, որ դրա արդյունքում Հայաստանի շրջափակումը ոչ թե հաղթահարվի, այլ ընդհակառակը՝ ավելի խորանա, կամ էլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության նոր հիմնավորում դառնա: Այս մասին ԱԺ ամբիոնից խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այս հարցում պիտի ցուցաբերենք մաքսիմալ ճկունություն՝ միևնույն ժամանակ հստակ պաշտպանելով մեր սկզբունքային դիրքորոշումներն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետների համանախագահությամբ:
Նա միաժամանակ շեշտեց, որ սա չի խանգարում, որ հարցը քննարկվի նաև ԵՄ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Վրաստանի գործընկերների հետ:
«Ադրբեջանը, ի դեպ, այստեղ էլ է փորձում գործընթացը փակուղի մտցնել՝ ճանապարհների բացման հարցում մեր շահագրգռությունը փորձ անելով վերածել միջանցքային խոսակցության»,- ասաց ՀՀ վարչապետը: