ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ 800 միլիոն դոլար արժողությամբ օգնության փաթեթից Ուկրաինային է փոխանցել սպառազինությունների մեծ մասը: Այդ մասին հայտնում է Պենտագոնի կայքը։
Ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինան ստացել է նաև զգալի քանակությամբ Switchblade կամիկաձե անօդաչու սարքեր։ Նա պարզաբանել է, որ այդ սարքերով աշխատել սովորելու համար ընդամենը մեկ-երկու օր է պահանջվում։
Պենտագոնի խոսնակը լրագրողներին նաև ասել է, որ ԱՄՆ-ը աշխատում է Javelin հրթիռների համար ևս 100 միլիոն դոլար հատկացնելու ուղղությամբ։
Նախագահ Ջո Բայդենը դեռևս մարտին հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային լրացուցիչ 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի։ Նա նաև հիշեցրել է, որ մարտի 12-ին իր վարչակազմը հավանություն է տվել 200 միլիոն դոլարի օգնության փաթեթին՝ Ուկրաինա զենքի կայուն հոսքն ապահովելու համար:
Սպիտակ տան տվյալներով՝ փետրվարի 24-ից ի վեր ԱՄՆ-ի ռազմական օգնության ընդհանուր ծավալը գնահատվում է 1,7 մլրդ դոլար, իսկ 2021 թվականի հունվարից՝ 2,4 մլրդ դոլար։ ԱՄՆ-ի վարչակազմը հայտնել է, որ օգնությունը ներառում է ավելի քան 1400 հակաօդային պաշտպանության Stinger համակարգեր, ավելի քան 5000 Javelin հակատանկային հրթիռային համակարգեր և հարյուրավոր Switchblade պարկուճային արկեր:
Միաժամանակ Պենտագոնը կհանդիպի ԱՄՆ զենք արտադրող ութ խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ՝ քննարկելու Կիևին օգնելու հնարավորությունը, եթե Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը երկարաձգվի: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։