Գայթակղություններ, սեր, կիրք բեմահարթակին։ Օպերային թատրոնը հանդիսատեսին կներկայանա նոր գույներով, անակնկալներով։ Ապրիլի 14-ին կլինի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Սոմա. կրակե օղակ» երկու գործողությամբ օպերայի առաջնախաղը։ Այն հիմնված է Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» և «Սոմա» պոեմների վրա։ Ներկայացումը նվիրվում է գրողի 125-ամյակին։ Թատրոնում վերջին փորձերն են։
Ներկայացման բեմադրող ռեժիսորը Արմեն Մելիքսեթյանն է, բեմադրող նկարիչը՝ Ռաֆայել Խաչատրյանը։ Բարդ ստեղծագործություն է՝ խոստովանում են ստեղծագործական կազմից։ Բեմահարթակում կլինի մոտ 100 արտիստ։ Առաջին անգամ կփորձեն ցույց տալ թատրոնի տեխնիկական հնարավորությունները։ Երգչախումբը չի լինի անշարժ։
Այս տարի լրանում է նաև Տերտերյանի ստեղծագործության 55-ամյակը։ Հեղինակի երաժշտությունը ժամանակին հեղափոխական էր, ինտելեկտուալ, որ մտածելու առիթ է տալիս՝ նշում է Դուրգարյանը։
Այս ներկայացմամբ Օպերային թատրոնը որդեգրում է նոր ուղղություն՝ անդրադառնալու է ժամանակակիցներին։ Թեև Դուրգարյանը խոստովանում է, որ արդի որոշ կոմոպոզիտորներ կարող են այսօր ընկալելի չլինել հանդիսատեսին։
Կարեն Դուրգարյան (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար) - Տարիներ անց հասնենք այն աստիճանին, որ այսօր գրված ստեղծագործությունը բարձրանա բեմահարթակ։ Լավ թատրոններում պետք է տարին երկու անգամ ներկայացվի ժամանակակից գործ։ Սերունդներին ցույց տանք, թե ինչպես է մտածում այսօրվա կոմպոզիտորը, ինչպես է մտածում այսօրվա պոետը:
Չի խոսում ներկայացման սյուժեի մասին։ Փորձելու են ցույց տալ, թե ինչպես են ժամանակին մտածել Տերտերյանն ու Չարենցը։ Իր խոսքով՝ կարևոր է, որ ներկայացումը հանդիսատեսին մտածելու առիթ տա։ «Սոմա. կրակե օղակ»-ը մտադիր են ներկայացնել արտասահմանցի հանդիսատեսին։
Հեղինակ՝ Անի Ավագյան