Ուկրաինայից տեղափոխված կարիքավոր հայրենակիցները կարող են ակնկալել առողջապահական, բուհերի ուսման վարձավճարի և բնակվարձի մասնակի, ինչպես նաև սոցիալական միանվագ աջակցություն:
Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ բազմաթիվ հայրենակիցներ ապաստանել են Եվրոպայում, ուկրաինահայերի մի մասը շարունակում է տեղափոխվել Հայաստան:
Նրանց Հայաստանում ինտեգրելու և աջակցություն տրամադրելու նպատակով Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) միջև սկսվում է նոր գործակցություն:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցչի տեղեկալ Արեն Դեյիրմենջյանի հետ:
Գլխավոր հանձնակատարը կարևորել է այն երկարամյա գործակցությունն ու կարևոր դերակատարությունը, որն ունի ԱՀԱԸ-ն սփյուռքի կարիքավոր համայնքներին և մեր հայրենակիցներին աջակցելու գործում:
«Աջակցության համար խնդրում ենք զանգահարել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ (+374 77 998 123)՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը, բնակության հասցեն և կոնտակտները»,- ասված է գրասենյակի հաղորդագրության մեջ: