Ղազախստանի պաշտպանության նախարարությունը չի նախատեսում այս տարի զորահանդես անցկացնել՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան, որը նշվում է մայիսի 7-ին, և Հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«2022 թվականին Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-ամյակին և 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվան նվիրված զորահանդես չի նախատեսվում, միևնույն ժամանակ կանցկացվեն ռազմահայրենասիրական միջոցառումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվել է նաև, որ պաշտպանության նախարարությունը կկազմակերպի մոտ 50 տարբեր միջոցառումներ, որոնք կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերում։
2021 և 2020 թվականներին Ղազախստանը դարձյալ հրաժարվեց զորահանդեսից՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում ստեղծված համաճարակային իրավիճակի պատճառով։