Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարզպետ Նազելի Բաղդասարյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի, «Առողջապահական ԾԻԳ» տնօրեն Երվանդ Էլիբեկյանի, նախարարության և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Գյումրու թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաներ։
16000 ազգաբնակչություն սպասարկող Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի շենքային պայմանները վատթար վիճակում են, շենքը հիմնանորոգման կարիք ունի։ Հիմնանորոգման կարիք ունի նաև 27000 ազգաբնակչություն սպասարկող Գյումրու Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկան, որի շենքը կառուցվել է 1930-ական թվականներին:
Պատասխանատուները շրջել են կառույցներում, ծանոթացել շենքային պայմաններին, քննարկել շենքերի վերանորոգմանն առնչվող ծրագրերն ու տարբերակները։
«Մեր երկու պոլիկլինիկաներն էլ գտնվում են Գյումրու կենտրոնական հատվածներում և բավական թվով ազգաբնակչություն են սպասարկում, շատ ուրախալի է, որ կառավարությունը գումարներ է հատկացնում առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման համար սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով: Լիահույս ենք, որ կառավարության, առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքների արդյունքում կիրականացվեն նաև այս բուժհաստատությունների արդիականացման ծրագրերը ևս»,- նշել է Շիրակի մարզպետը։
Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի շենքի վերակառուցման աշխատանքներն ընդգրկված են ՀՀ Կառավարության 2021 թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ, քննարկվում է նաև Գյումրու Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի շենքի ուժեղացման-վերականգնման աշխատանքներն ընդգրկել առողջապահական հաստատությունների արդիականացման ծրագիր։
Պատասխանատուներն այցելել են նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել, ծանոթացել աշխատանքների ընթացքին։