ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են մեկ տարի առաջ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021 թ. ապրիլի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գտնվող սգո սրահի բակային հատվածում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որն ուղեկցվել էր փոխհրաձգությամբ, որի հետևանքով հինգ անձ, տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով, տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:
Դեռևս նախորդ տարի հիշյալ դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել էր քննչական խմբին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էին միջադեպի՝ քննության համար ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, տուժածներից մեկի՝ Երևան քաղաքի 27-ամյա երիտասարդի ուղղությամբ կրակոցներ արձակած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի 28 տարեկան բնակիչ է:
Միաժամանակ պարզվել էր, որ վերջինս դեպքի օրն իր ընկերների հետ, սգո արարողությանը մասնակցելու նպատակով, գնացել է նշված սգո սրահ, որի բակում հավաքված բազմության միջից, ընկերների հետ միասին, նրան է մոտեցել նախկինում իր հետ լարված փոխհարաբերությունների մեջ գտնվող վերոհիշյալ 27-ամյա երիտասարդը: Միմյանց միջև առկա տարաձայնությունների շուրջ պարզաբանումները վերածվել էին ծեծկռտուքի, որի ընթացքում, տարբեր տեսակի հրազեններից, կողմերը կրակոցներ էին արձակել միմյանց ուղղությամբ:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 20 հատ 9 մմ տրամաչափի պարկուճ և նույն տրամաչափի 5 գնդակ, 5 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ և նույն տրամաչափի 4 պարկուճ, 1 հատ 6.35 մմ տրամաչափի պարկուճ և նույն տրամաչափի 1 փամփուշտ, 1 հատ 7.62 x 25 մմ տրամաչափի պարկուճ, կրակոցներից վնասված «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև՝ արնանման բազմաթիվ հետքեր, վերցվել էին փորձանմուշներ, հարցաքննվել էին մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ:
Որոշում էր կայացվել 28-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու և հետախուզում հայտարարելու մասին: Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր:
ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը նախօրեին՝ 2022 թ. ապրիլի 11-ին, հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրա մասնակցությամբ խափանման միջոց կալանավորումը կրկին քննարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, զենքերի ձեռք բերման աղբյուրը, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: