ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը Վաշինգտոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Ջեյմս Քլեվերլիի հետ։ Կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերին:
«Պետքարտուղարի տեղակալը և նախարարը քննարկել են երկկողմ գործակցությունը՝ հաջակցություն Հարավային Կովկասում հաշտեցման ջանքերին»,- ասված է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մեկտեղելու են ջանքերը Ուկրաինայում ռազմական գործողությունների համար Մոսկվային պատասխանատվության ենթարկելու հարցում:
***
Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության խնդիրները կիրագործվեն՝ վստահություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ամուրի շրջանի «Վոստոչնայա» տիեզերակայան այցի ընթացքում Կրեմլի ղեկավարը հիշեցրել է նաև, որ հատուկ գործողության վերաբերյալ հրապարակային առաջին ելույթում ինքը նշել է գործողության նպատակները՝ օգնել մարդկանց Դոնբասում:
«Այն, ինչ մենք անում ենք, նաև Ռուսաստանի անվտանգության ապահովումն է։ Ակնհայտ է, որ մենք այլ ընտրություն չենք ունեցել։ Ուկրաինան դարձնում էին հակառուսական գործիք։ Մեր նպատակները միանգամայն հասկանալի են և ազնի»,- նշել է ՌԴ նախագահը:
Պուտինը հավելել է՝ Մոսկվան չի պատրաստվում մեկուսանալ աշխարհից:
«Ժամանակակից աշխարհում, առհասարակ, անհնար է որևէ մեկին մեկուսացնել, իսկ Ռուսաստանի նման հսկայական երկիրը՝ առավել ևս: Ուստի մենք կաշխատենք մեր այն գործընկերների հետ, որոնք ցանկանում են գործակցել»,- շեշտել է Պուտինը:
Նա հանդիպել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Վստահություն հայտնել, որ Մոսկվայի և Մինսկի գործակցությունը նոր թափ կստանա նաև տիեզերական ոլորտում։
***
ԱՄՆ իշխանությունները միտումնավոր սրում են Ուկրաինայի շուրջ իրավիճակը՝ Չինաստանին և Ռուսաստանին զսպելու համար։ Նման կարծիք է հայտնել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցյանը։
«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակասությունների մակարդակը հասցրել են կրիտիկական կետի: Ամերիկյան կողմը միջոցներ չի ձեռնարկում էսկալացիան նվազեցնելու համար, դրան զուգահեռ ստիպում է մյուս երկրներին ընտրել՝ ում աջակցել»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում և խեղաթյուրում խաղաղ բանակցությունների մասով Չինաստանի դիրքորոշումը:
***
Հնդկաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, սակայն այդ հարաբերությունները բացասաբար չեն ազդում ԱՄՆ-ի հետ գործակցության վրա։ Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարար Ռաջնաթհ Սինկհը։
«Վաշինգտոնը տեղյակ է՝ Նյու Դելիի և Մոսկվայի հարաբերությունները շատ կայուն են»,- շեշտել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Հնդկաստանը հանդես է գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման օգտին։
Ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է և պատրաստ է Հնդկաստանի գործընկերը լինելու։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն էլ նշել է, որ ԱՄՆ-ի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունները համաձայնագիր են ստորագրել տիեզերական ոլորտում տեղեկատվության փոխանակման վերաբերյալ և պայմանավորվել անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսել։
***
Ուկրաինայում հակամարտությունը շուտով թևակոխելու է երկրորդ, ավելի մասշտաբային փուլ՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։
«Ակնհայտ է, որ այս փուլը լինելու է շատ ավելի արյունալի, բարդ, առաջին փուլից տարբերվող, լայնամասշտաբ՝ թե՛ արևելքում՝ Դոնբասում, այնպես էլ հարավում՝ դեպի Ղրիմ և Մարիուպոլ»,- նշել է նա։
Պաշտոնյան հույս է հայտնել, որ հակամարտությունը երկար չի տևի։ «Այնուհանդերձ, դրա հավանականությունը շատ քիչ է»,- եզրափակել է Ջոանեն։
***
Եվրամիության հակառուսական պատժամիջոցները մեծացնում են միության անդամ երկրներում տնտեսական անկման հավանականությունը, սակայն դա չպետք է խանգարի աջակցել Կիևին, հայտարարել է ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ուկրաինան ֆինանսական ծանրագույն վիճակում է, և կոչ արել միջազգային հանրությանը տասնյակ միլիարդավոր դոլարների ֆինանսական աջակցություն ցուցաբերել իր երկրին։