ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ ընդդիմադիրների գործելաոճին, ինչպես նաև ընդգծեց՝ ամուր պետություն ունենալու համար միասնականության, աշխատասիրության ու պետականամետ գործունեության կարևորությունը:
«Այսօր առավոտյան Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի պառլամենտական թիմերի կողմից հայտարարված գործողությունների օրակարգը և նմանօրինակ բոլոր դրսևորումները ոչ միայն հարվածի տակ են դնում Հայաստանի և Արցախի անվտանգությունը, այլև վնասում են մեր պետության ներքին կայունությունը:
2020 թ. պատերազմից հետո, ներկայումս արագ փոփոխվող աշխարհաքաղաքական սուր իրողությունների պայմաններում առավել քան կարևոր է ինչպես կառավարման, այնպես էլ հանրային կյանքի և ԶՈՒ բոլոր օղակներում տապալել հետպատերազմյան ընկճվածությունը, ձևավորել հանդուրժողականության և սթափ գիտակցության միջավայր: Այն սերունդը, որը 2018-ին հաստատուն քայլերով հեղափոխություն իրականացրեց, այժմ չի կարող հանդուրժել խեղճությունը և ընկճվածության որևէ դրսևորում:
Ավելին, աստիճանաբար հաղթահարելով ստեղծված իրավիճակը՝ պետք է ստեղծի նոր, ինտելեկտուալ, ժամանակակից սպառազինությամբ օժտված բանակ ունենալու հեռանկարը»,- ասաց Քոչարյանը:
Ըստ նրա՝ դա բավարար է խաղաղության հասնելու ճանապարհն անկասելի դարձնելու համար: