ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է շուրջ 7 տարի առաջ կատարված սպանության դեպքը:
Դեռևս 2014 թ. սեպտեմբերի 18-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15։10-ին, «որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի՝ 1981 թ. ծնված բնակիչ, որը ժամեր անց մահացել էր։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Նոր Արեշի 9-րդ և 42-րդ փողոցների հատման վայրում, որի զննությամբ հայտնաբերվել էին 8 պարկուճ, արնանման հետքեր, ինչպես նաև՝ մի շարք իրեր և առարկաներ։ Առգրավվել էին դեպքի վայրում գտնվող խանութի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության։
Նախաքննության ընթացքում, դեռևս 2014 թ., պարզվել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի 45 տարեկան բնակիչ է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել էր նաև վերջինիս պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ հայտնաբերվել էր հանցագործության գործիք հանդիսացող «Սայգա» տեսակի հրազենը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով որպես մեղադրյալ էր ներգրավվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը և հայտարարվել հետախուզում։
Հիշյալ 45-ամյա տղամարդը 2022 թ. ապրիլի 11-ին ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: