Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին միջազգային կառույցները նվազեցնում են աշխարհի տարբեր երկրներում սպասվող տնտեսական աճի կանխատեսումները: Օրինակ՝ Համաշխարհային բանկը Ռուսաստանում այս տարի անկում է կանխատեսում՝ 11.2 տոկոս, Բելառուսում՝ 6.5, Ղրղզստանում 5 տոկոս տնտեսական անկում, Ղազախստանում ընդհակառակը՝ 1.8 տոկոս աճ է ակնկալվում:
Հայաստանի համար կառույցը կանխատեսում է 1.2 տոկոս աճ: Մեր երկրի համար Ասիական զարգացման բանկի կանխատեսումն ավելի լավատեսական է՝ 2.8 տոկոս աճ: 4.7-ի փոխարեն՝ 1.3 տոկոս ՀՆԱ-ի աճ էլ «Ստանդարտ ընդ փուրս» կազմակերպությունն է կանխատեսել Հայաստանի համար:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Բոլոր երկրների մասով տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են՝ հիմնականում դեպի ներքև: Սա պայմանավորված է, բնականաբար, ռուս-ուկրաինական հակամարտության գլոբալ ազդեցություններով՝ տարածաշրջանի: Եվ որքան տարածաշրջանը մոտ է այդ հակամարտությանը, այդքան ավելի տնտեսական աճի տեմպերի կանխատեսումը ավելի ցածր է գնահատվել:
Բոլոր կառույցները կանխատեսումն արել են՝ հաշվի առնելով Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներն ու դրա հնարավոր ազդեցությունը՝ այդ թվում Երևանի վրա: Հայաստանի ֆինանսների նախարարությունը բյուջեով նախանշված 7 տոկոս տնտեսական աճի թիրախը դեռ չի վերանայել:
Էդուարդ Հակոբյան (ՀՀ ՖՆ մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ) - Հաշվի առնելով իրավիճակի անորոշությունների բարձր մակարդակը` մեր թիմը ներկայում շարունակաբար մշտադիտարկում է ինչպես Հայաստանի տնտեսության զարգացումները, այնպես էլ տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները: Քննարկում ենք տարբեր սցենարներ, ու առաջիկա միջնաժամկետ ծախսերի ծրագրում կունենանք առավել հստակ կանխատեսումներ:
Կարեն Սարգսյանի կարծիքով՝ համաշխարհային բանկի զեկույցում կան նաև որոշ հակասող մոտեցումներ: Օրինակ՝ կառույցի կանխատեսումով՝ ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը դեպի Հայաստան կնվազի, սակայն առկա միտումը հակառակն է ապացուցում:
Կարեն Սարգսյան - Հաշվի առնելով դրական այդ միտումները, որ մեր տնտեսությունում առկա է` կապված ռուս զբոսաշրջիկների այցերի հետ, կարծում եմ` մեր Կենտրոնական բանկի կանխատեսած 1.6 տոկոսը այս պահի դրությամբ ավելի իրատեսական է:
Ներկայում թե՛ տնտեսական ցուցանիշների, թե՛ հարկային մուտքերի առումով բացասական շեղումներ չկան, նույնը նաև ծախսերի դեպքում է: Էդուարդ Հակոբյանը ընդգծում է՝ չնայած միջազգային կառույցների որոշ գնահատականներ նախկին կանխատեսածից նվազել են, դրանք, ամենայն հավանականությամբ, կարճաժամկետ կլինեն և չեն խաթարի մեր հարկաբյուջետային կայունությունը:
Էդուարդ Հակոբյան - Ավելին ասեմ, որ վարկանիշային կազմակերպությունները պահպանել են իրենց ռեյտինգները, դա շատ կարևոր փաստ է և դրական ազդակ է ներքին ու արտաքին ներդրողներին, որ կառավարությունը շարունակում է մնալ վճարունակ, տնտեսությունը կայուն է, իսկ մակրոքաղաքականությունները ի վիճակի են հաղթահարել առաջացող մարտահրավերները:
Վերջին շրջանում Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վերանայել էին նաև ինչպես Արժույթի միջազգային հիմնադրամը (1.5), Մուդիսն (1.8) ու Ֆիթչն (1.3), այնպես էլ Հայաստանի գլխավոր դրամատունը (1.6): Ամեն դեպքում, կանխատեսումները վերջնական ու հաստատուն չեն, աշխարհաքաղաքական ցանկացած զարգացման դեպքում միջազգային ֆինանսական կառույցներն ու կենտրոնները ամենայն հավանականությամբ կվերանայեն նույնիսկ ամենաթարմ գնահատականները:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան