Նորակառույց առանձնատունը՝ համեստ թե շքեղ, մեծ թե փոքր, Երևանում թե մարզում գտնվող, ծախելու լինեք՝ իմացե՛ք․ ՊԵԿ-ը տարեսկզբից օրենք է փոխել և 20 տոկոսանոց եկամտային հարկից ազատել այն սեփականատերերին, ովքեր իրենց բնակմակերեսը այլ անձի կվաճառեն շինարարությունն ավարտելուց ամենաքիչը 2 տարի անց։ Մինչև այս հունվար՝ կառուցապատող քաղաքացին, տունն օտարեր անմիջապես, թե դրանում 5 տարի ապրելուց հետո, հարկ էր վճարում։ Այժմ արդեն այն ֆիզիկական անձինք, ովքեր իրենց անունով շինթույլտվություն են ստացել, ծանոթ բանվորների կամ կապալառու կազմակերպության միջոցով տուն կառուցել, բայց ֆինանսական ինչ-ինչ պատճառով ստիպված են վաճառել այն, 20 տոկոս հարկի տակ կընկնեն, միայն երբ առուծախի գործարքը գրանցեն ավարտական ակտի 2 տարին լրանալուց առաջ։ Եթե 2 տարին անցած լինի՝ հարկը չեն տա՝ տեղեկացնում են Պետեկամուտների կոմիտեից։
Մարիամ Մանուկյան (ՀՀ ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ) - Այն անձինք, որ կառուցել են բնակելի տունը սեփական օգտագործման համար և որոշակի ժամանակ հետո՝ ավարտական ակտի ավարտից հետո երկու տարվա ընթացքում են վաճառում, իրենց մոտ եկամտային հարկի պարտավորություն չի առաջանա:
Մանուկյանը բացատրում է՝ այս փոփոխությամբ պետությունն առանձնացրել է հարկային բեռը կառուցապատող բիզնեսի ու մարդկանց համար՝ թույլ տալով որ բնակչությունը ինքն իր համար շինարարություն անի՝ առանց մտածելու՝ բա որ հետո վաճառելու լինի։
ՊԵԿ-ում կարծում են՝ արտոնյալ այս նորամուծությունից առանձնատներ սարքող-ծախողները չեն փորձի տարբեր հնարքներով օգտվել․ նախ, որ՝ վաճառքի համար կառուցվող գույքը սովորաբար անհրաժեշտ է լինում հնարավորինս արագ՝ կարճ ժամկետներում իրացնել։ Եվ հետո՝ եկամտային հարկից ազատվում են միայն ֆիզիկական անձանց միջև կնքվող գործարքները․ վաճառողը եթե անհատ ձեռնարկատեր կամ նոտար եղավ, 20 տոկոս դրույքաչափից խուսափել չի լինի։ Օրենքի լրացման մեկ այլ կետով՝ 2018-ի հունվարից մինչև 2022 թվականը կառուցված-վաճառված անհատական տների արդեն գանձված եկամտահարկն ու դրանց վրա հաշվարկված տույժ-տուգանքները զրոյացվում են․ այդ գումարները ՊԵԿ-ը կվերադարձնի քաղաքացիներին։
Մարիամ Մանուկյան - Կներկայացվի ճշտված հաշվարկ, որի արդյունքում կվերադարձվի եկամտային հարկը։ Դրա համար ընդամենը ներկայացնելու են ճշտված հաշվարկ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգով, եկամտային հարկը միասնական հաշվում կարտացոլվի, որը իրենք կարող են դիմում ներկայացնել և վերադարձնել:
Եկամտային հարկից այս ազատումը, Մարիամ Մանուկյանը հիշեցնում է, վերաբերում է միմիայն անհատական տուն կառուցող ֆիզիկական անձանց։ Առանձնատների կամ բազմաբնակարան շենքերի բիզնեսով զբաղվողները շարունակելու են հարկվել նույն ձևով և չափով, նրանց համար ոչինչ չի փոխվում։