Ազգային ժողովի հերթական նիստն սկսվեց ընդդիմության բոյկոտով: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախ հայտարարեցին` այս շաբաթ չեն մասնակցի քննարկումներին և քվեարկություններին, ապա դահլիճում ամրացրին Արցախի դրոշներն ու հեռացան:
Սեյրան Օհանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար) - Մենք մեկնում ենք Արցախ և ՀՀ սահմանամերձ մարզեր՝ որպես շարունակություն մեր հայրենակիցների հետ անմիջական շփման, լինելու ենք այնտեղ, որտեղ այսօր մեր երկրի առաջնահերթ օրակարգն է: Եվ վերահաստատելով մեր դիրքորոշումը, Հայաստանի Հանրապետության դրոշի առկայությամբ՝ տեղադրում եմ Արցախի Հանրապետության դրոշը: Պահպանենք այս դրոշը, քանի որ պաշտպանելով Արցախը` պաշտպանում ենք Հայաստանը:
Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես չի մասնակցելու այս քառօրյային՝ մեկնելով Արցախ՝ լինելու մեր հայրենակիցների կողքին:
Ընդդիմադիրների` դահլիճը լքելուց հետո «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն ընդգծեցին՝ Արցախի դրոշը պետք է տեղադրել այնտեղ, որտեղ կարիք կա հանրայնացնելու Արցախի և արցախցիների իրավունքների և ազատությունների հարցը:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - 30 տարի շարունակ այս դրոշը ճիշտ տեղերում դնելու փոխարեն ու այս դրոշի ամրությունն ապահովելու փոխարեն ու Հայաստանի դրոշի ամրությունն ապահովելու փոխարեն՝ զբաղված են եղել միայն մի բանով՝ թալանով:
Հայկ Կոնջորյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար) - Դարեր շարունակ, ահա այսպես, մեր ժողովրդի ներքին պառակտիչները դուրս են եկել պետության դեմ՝ ի վերջո հանգեցնելով պետության թուլացման, իսկ երբեմն էլ՝ պետականության կորստի։ Այն, ինչ այսօր անում է խորհրդարանական ընդդիմությունը՝ Արցախը փրկելու քողի ներքո, մի օր դառնալու է պատմության դասագրքի հերթական էջը, ու միայն մեզնից է կախված, թե այդ էջը ինչպես կշարունակվի: Թույլ չտանք, որ ներքին խառնակիչներն ու պառակտիչները բզկտեն ժողովրդին, կազմալուծեն պետությունը՝ փրկիչների դիմակ հագած։ Սա կենդանի պատմություն է, և մենք պետք է լինենք ոչ թե սոսկ մասնակիցը, այլ կերտողներն այդ պատմության։
Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին կոչ արեց չաշխատելու, բայց պետական բյուջեից աշխատավարձ ստանալու փոխարեն՝ վայր դնել մանդատները:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Ձեզ թվում է՝ ինչի՞ էին այսօր բոլորն այստեղ հավաքված և այդ հայտարարությունը անում և դուրս գալիս, որպեսզի սեղմվի այն կոճակը, որն ապահովում է աշխատավարձի մուտքերը՝ պատգամավորների հաշվին: Խմբակցությունը կարող էր հանգիստ հայտարարություն տարածել և ընդհանրապես չգալ այս դահլիճ, բայց՝ չէ՛, պարտադիր պետք էր գալ, գրանցվել, հետո դիմել աշխատակազմին՝ ասելով, որ սա քաղաքական ակցիա է, խնդրում եմ՝ մեր բացակաները համարել հարգելի և աշխատավարձից չպահել: Էս ա մեր էսօրվա ընդդիմությունը:
ԱԺ-Ն ՄԻ ՇԱՐՔ ՆԱԽԱԳԾԵՐ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի աշխատանքը շարունակեց առանց ընդդիմության: Պատգամավորները քննարկեցին «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացում կատարելու Կառավարության առաջարկը: Օրենքի նախագծով նախատեսվում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում՝ անհաղթահարելի ուժի հիմքով: Գործող կարգավորմամբ՝ անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները: Նոր նախագծով առաջարկվում է ցանկում ավելացնել քաղաքացիական զանգվածային անհնազանդությունները, որոնց հետևանքով հնարավոր չէ հանքավայրում ընդերքօգտագործման աշխատանքների կազմակերպումը: Գործադիրը վստահ է՝ օրենքի ընդունմամբ՝ կբարձրանա ընդերքօգտագործման ոլորտում ներդրումային գրավչությունը:
Հարցի քննարկումից հետո խորհրդարանն անցավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին: «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծով՝ առաջարկվում է զինծառայությունից ազատել հայրենիքի պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ անհետ կորած զինծառայողների եղբայրներին ու որդիներին: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրինագծում մեկ փոփոխություն է կատարվել:
Հայկ Սարգսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Այն զոհված զինծառայողների եղբայրները կամ որդիները, որոնք ամեն դեպքում կցանկանան գնալ պարտադիր զինվորական ծառայության, կարող են իրենց կամքով, դիմումի համաձայն, հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունից և զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:
Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 68 կողմ ձայնով: Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան