ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից խորհրդարանի նիստերի աշխատանքը բոյկոտելու որոշմանը:
«Սա կենդանի պատմություն է, և մենք բոլորս այդ պատմության մասնակիցներն ենք։
Դարեր շարունակ, ահա այսպես, մեր ժողովրդի ներքին պառակտիչները դուրս են եկել պետության դեմ՝ ի վերջո հանգեցնելով պետության թուլացման, իսկ երբեմն էլ՝ պետականության կորստի։ Այն, ինչ այսօր անում է խորհրդարանական ընդդիմությունը՝ Արցախը փրկելու քողի ներքո, մի օր դառնալու է պատմության դասագրքի հերթական էջը, ու միայն մեզանից է կախված, թե այդ էջը ինչպես կշարունակվի։
Թերթեք ձեր մտքում բոլոր դասերը, որ սովորել եք դպրոցական նստարանից սկսած, և կհամոզվեք, որ այսօր դուք այդ ապրող պատմության մասնակիցն եք, և այն, ինչ կատարվում է, նորություն չէ, այլ կրկնություն՝ դերակատարների փոփոխությամբ։ Բայց ելքը կարող է տարբեր լինել, պե՛տք է լինի տարբեր։
Մենք նորից ապրում ենք պատմության հերթական փոթորիկը, որը թափահարում է աշխարհակարգի հիմքերը։ Այս հին աշխարհում մենք նոր չենք հայտնվել։ Եվ պատմության հրամայականն է՝ վերապրել փոթորիկը, վերածնվել ու շարունակել մեր երթը՝ ավելի ուժեղ, կոփված և սառնասիրտ։
Թույլ չտանք, որ ներքին խառնակիչներն ու պառակտիչները բզկտեն ժողովրդին, կազմալուծեն պետությունը՝ փրկիչների դիմակը հագած։
Սա կենդանի պատմություն է, և մենք պետք է լինենք ոչ թե սոսկ մասնակիցը, այլ կերտողներն այդ պատմության»,- գրել է Կոնջորյանը: