Ազգային ժողովը քննարկում է ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
««Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն, եթե անձը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ստանում է հատուցում, չի կարող ստանալ զինվորական կենսաթոշակ: Համանման կարգավորում նախատեսված է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով՝ պարգևավճարների մասով:
Սա նշանակում է, որ գործող կարգավորումների համաձայն՝ մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած լինելու հիմքով հիմնադրամից հատուցում ստացող անձը չի կարող միաժամանակ ստանալ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ, զինծառայողի առողջությանը վնաս պատճառված լինելու դեպքում կամ կերակրողին կորցնելու դեպքում՝ զինվորական կենսաթոշակ, զինծառայողի կյանքին վնաս պատճառված լինելու հիմքով: Նույնաբովանդակ կարգավորում նախատեսված չէ աշխատանքային կենսաթոշակների համար:
Արդյունքում, օրինակ՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամը, որ հիմնադրամից ստանում է հատուցում, չի կարող ստանալ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ, սակայն կարող է ստանալ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ և նպաստ»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Նա նշեց նաև, որ հատուցման նույն դեպքի հիմքով հիմնադրամից հատուցում ստանալու ժամանակահատվածում անձը չի կարող միաժամանակ ստանալ ոչ միայն հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ, այլ նաև հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում՝ աշխատանքային կենսաթոշակ, ինչպես նաև հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ:
Խնդրի կարգավորման դեպքում անձը պահպանում է կենսաթոշակի կամ նպաստի իր իրավունքը, անկախ հիմնադրամից հատուցում ստանալու հանգամանքից, եթե այդ իրավունքը ծագել է հատուցման դեպքից անկախ հիմքով:
«Ըստ այդմ՝ մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելու հիմքով սոցիալական աջակցության հավասար պայմաններ ապահովելու համար նույնացվում են աշխատանքային, զինվորական կենսաթոշակների, նպաստների իրավունք տվող պայմանները»,- ասաց Խաչատրյանը: