Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հրավերով պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք է այցելել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եմ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Պաշտոնական այցի առաջին օրը երևանյան պատվիրակության անդամները հանդիպել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գեորգի Տկեմալաձեի հետ:
Կարևորելով երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև գործակցության շարունակականությունը՝ Լևոն Հովհաննիսյանն ու Գեորգի Տկեմալաձեն նկատել են, որ հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հնարավորություն ունի: Հաշվի առնելով, որ խոշոր քաղաքների խնդիրները միանման են, կողմերն առանձնակի կարևորել են փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:
Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև Թբիլիսիի կառավարման կենտրոն՝ տեղում աշխատանքներին ծանոթանալու նպատակով, ինչպես նաև կմասնակցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք ցանցի մեկնարկային հանդիպմանը, որի շրջանակում Թբիլիսին տիտղոսը կհանձնի Մեքսիկայի Խալիսկո նահանգի մայրաքաղաք Գվադալախարային:
Հարկ է նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակել էր Երևանը: