ՈՒԿՐԱԻՆԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ
Ուկրաինան այժմ ֆինանսական ծանրագույն վիճակում է՝ հայտարարել է ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում:
Նա միջազգային հանրությանը կոչ է արել տասնյակ միլիարդավոր դոլարների ֆինանսական աջակցություն ցուցաբերել Կիևին։ Մարչենկոյի խոսքով՝ Ռուսաստանի հատուկ գործողությունը քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքին արդեն զգալի վնաս է հասցրել, որը 270 մլրդ դոլար է գնահատվում:
ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԿԻԵՎԻՆ. ԼԱՎՐՈՎ
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը՝ Ուկրաինայում իրավիճակը բացառապես ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ, վկայում է այն մասին, որ Արևմուտքը Կիևին օգտագործում է Ռուսաստանին վերջնականապես ճնշելու համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ նման հայտարարությունները զգալիորեն փոխում են խաղի կանոնները։ «Եվրամիությունը նախկինում երբեք չի գործել որպես ռազմական կազմակերպություն»,- ընդգծել է արտգործնախարարը, հավելել՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում ԱԳՆ-ը կվերլուծի Բորելի խոսքերը:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԶՈՐԱԿՈՉՆ ՈՒ ԶՈՐԱՑՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է գարնանային զորակոչի անցկացումը չեղարկելու վերաբերյալ հրամանագիր: Նախագահի հրամանագրով հետաձգվում է նաև զինծառայողների զորացրումը:
«Զինծառայողների զորացրումը տեղի կունենա ոչ շուտ, քան նախատեսված կարգով դեմոբիլիզացիայի մասին հայտարարության հրապարակումը»,- ասված է հրամանագրում:
Ուկրաինայի ամբողջ տարածքում փետրվարի 24-ին ռազմական դրություն է սահմանվել․ մարտի 26-ից այն երկարաձգվել է ևս 30 օրով։
ԱՄՆ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԶԵՆՔ ՉԳՆԵԼ ՌԴ-ԻՑ
Վաշինգտոնը կոչ է անում բոլոր երկրներին զենք չգնել Ռուսաստանից, ընդ որում՝ ռուսական С-400 համակարգեր ձեռք բերելու համար Հնդկաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին որոշում դեռևս չի կայացվել։ Այդ մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ-ի և Հնդկաստանի պաշտպանության և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև բանակցություններից հետո։
Նա խոստովանել է, որ Հնդկաստանի և Ռուսաստանի գործակցությունը, այդ թվում՝ ռազմական ոլորտում, երկար տարիների պատմություն ունի։
«Այժմ մենք էլ կարող ենք և պատրաստ ենք Հնդկաստանի գործընկերը լինել։ Կարևոր է, որ բոլոր երկրները ճնշում գործադրեն Վլադիմիր Պուտինի վրա»,- շեշտել է Բլինքենը։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն էլ հայտնել է, որ ԱՄՆ-ի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունները կխորացնեն գործակցությունը ռազմական և տնտեսական ոլորտներում։ Նրա խոսքով՝ կողմերը համաձայնագիր են ստորագրել տիեզերական ոլորտում տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։ Օսթինը հավելել է, որ Նյու Դելին և Վաշինգտոնը պայմանավորվել են անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսել։
Սպիտակ տնից հայտնում են նաև, որ ԱՄՆ-ը Հնդկաստանից կոնկրետ որևէ բան չի խնդրում ռուսական էներգակիրների ձեռքբերման հարցում, սակայն կարծում է, որ Նյու Դելին չպետք է ավելացնի դրանց գնումների ծավալը։
ՄԱԿՐՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է կրկին այցելել Կիև, եթե դա օգնի երկխոսություն հաստատելու Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև։ «Իմ հայրենակիցներն ակնկալում են, որ անեմ հնարավորը, որպեսզի պատերազմը դադարեցվի»,- նշել է նա։
Փարիզն անցանկալի անձ է հայտարարել ևս 6 ռուս դիվանագետի։ Նրանք մեղադրվում են Ֆրանսիայի ազգային շահերին հակասող գործունեություններ իրականացնելու համար՝ հայտնում են երկրի ԱԳՆ-ից։
Մոսկվան պատասխանը չի սպասեցնի՝ արձագանքել են ՌԴ ԱԳՆ-ից։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ռուս դիվանագետների արտաքսումները չեն կարող փոխել Մոսկվայի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։
ՃԱՊՈՆԻԱՆ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՌԴ-Ի ԴԵՄ
Ճապոնիան հավելյալ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի շուրջ 400 ֆիզիկական անձանց և 28 կազմակերպության դեմ՝ հայտնում են Ճապոնիայի ԱԳՆ-ից։ Ֆիզիկական անձանց ցուցակում են Պուտինի դուստրերը, Լավրովի կինն ու դուստրը։ Արգելվում են նաև Ռուսաստանում նոր ներդրումներ կատարելը, ինչպես նաև փայտանյութի որոշ տեսակների, մեքենաշինական ապրանքների և ալկոհոլի ներմուծումը։
Մոսկվայի դեմ պատժամիջոցներին դեմ է արտահայտվել ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դայ Բինգը։
«Լայնածավալ պատժամիջոցները հանգեցրել են պարենային ճգնաժամի և էներգակիրների գների բարձրացման։ Իսկ Կիևին զենքի մատակարարումը խաղաղություն չի բերի Ուկրաինա»,- ընդգծել է պաշտոնյան։
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԻՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Գերմանիան կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Կիևին, բայց դա կանի կշռադատված՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Մենք արդեն Ուկրաինային զինել ենք զենքով՝ տանկերով, հակաօդային պաշտպանության հրթիռներով, ռազմամթերքով»,- պարզաբանել է նա։
Շոլցն ընդգծել է՝ Բեռլինը, այնուհանդերձ, միակողմանի քայլեր չի անի, այլ կքննարկի Կիևին աջակցության հնարավորությունը գործընկերների և դաշնակիցների հետ: