Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր ծրագրավորման մրցույթի՝ ICPC-ի («Այ Սի Փի Սի»)՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլի բացման արարողությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, աշխարհի ուժեղագույն ծրագրավորող, ամենատիտղոսակիր օլիմպիական, ICPC-ի կրկնակի չեմպիոն Գենադի Կորոտկևիչը, հյուրեր միջազգային և տեղական կառույցներից։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ 2001 թվականից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրենն է, ինչը միաժամանակ և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող:
«2001 թվականին ստանձնելով այս հանձնառությունը՝ ՀՀ բուհերը դարձել են աշխարհի համալսարանական հանրության մասը: Այս մրցույթը բավականին բարդ գործընթաց է՝ ալգորիթմական բարդագույն լուծումներ պահանջող խնդիրներով, հետևաբար զուտ մասնակցությունը և համակարգին տիրապետելն արդեն իսկ բավականին քրտնաջան աշխատանք են պահանջում: 20 տարիների ընթացքում անցել ենք բավական երկար ճանապարհ, եղել են և՛ հաջողություններ, և՛ անհաջողություններ»,- փաստել է Վահրամ Դումանյանը՝ ընդգծելով, որ երկու անգամ հայաստանյան թիմերը դուրս են եկել մրցույթի եզրափակիչ փուլ:
Նախարարը տեղեկացրել է, որ այս օլիմպիադայում Հայաստանը հանդես է գալիս Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանի կազմում, որտեղ ներկայացված է նաև աշխարհի բազմակի չեմպիոն դարձած ՌԴ թիմը: Վահրամ Դումանյանը՝ շեշտելով, որ օլիմպիադան արդեն երրորդ անգամ է անցկացվում Հայաստանում, հույս է հայտնել՝ հայ մասնակիցները կանեն հնարավորը՝ մեդալներ նվաճելու համար:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ներկայում քննարկվում է Հայաստանում Սպորտային ծրագրավորման ֆեդերացիա ունենալու հարցը. ֆեդերացիայի կազմում կընդգրկվեն այդ մրցույթի ակունքներում կանգնած անձինք: Նա կոչ է արել ՏՏ բոլոր ընկերություններին կոնկրետ քայլեր ձեռնարկել սպորտային ծրագրավորման զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել CodeSignal («ՔոդՍիգնալ») ընկերությանը՝ մրցույթին աջակցելու համար. «Առաջին անգամ չէ, որ CodeSignal ընկերությունը հովանավորում է օլիմպիականներին. կոչ եմ անում մյուս ՏՏ ընկերություններին, որոնք շահագրգիռ են այդ ոլորտի էական զարգացմամբ և լավագույն կադրեր ունենալու ցանկությամբ, հետևել այս օրինակին: Ի դեպ, առաջատար ՏՏ ոլորտ ունեցող երկրներում նմանօրինակ մրցույթների հովանավորությունն աննախադեպ ծավալների է հասնում»:
Նախարարը նշել է, որ մրցույթը Երևանում կանցկացնեն Սանկտ Պետերբուրգից ժամանած Գենադի Կորոտկևիչը և Դմիտրի Ֆիլիպովը։ Ըստ Վահրամ Դումանյանի՝ Գենադի Կորոտկևիչը դեռևս չգերազանցված սպորտային ծրագրավորող է, որն իրեն հավասար մրցակից չունի աշխարհում:
«Գենադի Կորոտկևիչը, որը բացառիկ տաղանդի տեր անձնավորություն է, նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները և լուծել բոլոր հնարավոր խնդիրները»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ Դմիտրի Ֆիլիպովը ևս օլիմպիադայի շրջանակում գրանցել է բավականին մեծ հաջողություններ:
Վահրամ Դումանյանը գոհունակություն է հայտնել, որ մրցույթին ավանդաբար մասնակցող երեք հիմնական թիմերից (ԵՊՀ, Հայ-ռուսական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան) բացի՝ այս տարի օլիմպիադային մասնակցող ՀՀ բուհերի ցանկն ընդլայնվել է: Ըստ նախարարի՝ աշխարհի առաջատար բուհերի վարկանիշները կազմվում են նաև նմանօրինակ միջոցառումներին մասնակցությամբ, հետևաբար ողջունելի է ՀՀ բուհերի ակտիվ ներգրավումը, առավել ևս, որ մինչև 2030 թվականը թիրախ է սահմանվել աշխարհի լավագույն 500 բուհերի ցանկում ունենալ առնվազն 4 բուհ:
«Ինֆորմատիկա» առարկայի դպրոցականների և ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադաներում մասնակիցների ցուցաբերած նվաճումներում ունեցած մեծ ավանդի համար ԵՊՀ ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով, իսկ ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադաներում մասնակիցների նվաճումների համար Հայ-ռուսական համալսարանի մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոնի դոցենտ Տիգրան Փիլիպոսյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի դոցենտ Սուրեն Խաչատրյանն արժանացել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերի: Մրցանակները հանձնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ մրցույթն այս տարի անցկացվում է միաժամանակ 5 քաղաքներում՝ Երևան, Սանկտ Պետերբուրգ, Բառնաուլ, Ալմաթի և Մինսկ (մասնակցում է շուրջ 300 թիմ): ՀՀ թիմերին մաղթելով հաջողություն՝ ԵՊՀ ռեկտորը նշել է, որ մրցույթի եզրափակիչը 2023 թվականին տեղի կունենա Եգիպտոսում:
ԵՊՀ թիմերից մեկի մարզիչ, «ՔոդՍիգնալ» ընկերության ներկայացուցիչ Ալբերտ Սահակյանն էլ փաստել է, որ իրենց ընկերության աշխատակիցներից շատերը տարբեր համալսարանների թիմերի անդամներ են կամ թիմերի մարզիչներ։ Նա մասնավորապես ընդգծել է, որ այս տարվա մրցույթը յուրահատուկ է, քանի որ ՀՀ թիմերի՝ եզրափակիչ փուլ դուրս գալու հավակնորդները 1-ից ավելի են:
Աշխարհի ամենատիտղոսակիր օլիմպիական Գենադի Կորոտկևիչն իր հերթին կարևորել է, որ Հայաստանում մրցույթի անցկացմանն աջակցում են ինչպես ՏՏ ընկերությունները, այնպես էլ ԿԳՄՍ նախարարությունը, ինչը կնպաստի օլիմպիական շարժման զարգացմանը:
«Եթե դուք մասնակցում եք այս փուլին, ուրեմն այն ձեզ հետաքրքիր է: Ինչքան էլ դժվար լինի, պետք չէ հանձնվել, այլ անհրաժեշտ է հաճույք ստանալ այդ գործընթացից»,- դիմելով մրցույթի մասնակիցներին՝ շեշտել է Գենադի Կորոտկևիչը:
ICPC-ի մրցույթին Հայաստանը ներկայացնող 13 թիմերն ընտրվել են նախորդ փուլի արդյունքների հիման վրա։ Այս փուլում ԵՊՀ-ից կմասնակցի 4 թիմ, Հայ-ռուսական համալսարանից՝ 3 թիմ, 1-ական թիմեր՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Եվրոպական համալսարանից, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Գորիսի պետական համալսարանից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից։ Երևանյան մրցույթի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը և CodeSignal ընկերությունը։ Մրցույթին մասնակցում է 111 երկիր՝ բաշխված ըստ տարածաշրջանների: