Մինչև տարեվերջ կհաղթահարվեն Լոռու մարզի 6 գյուղերի զարգացման ճանապարհի խոչընդոտները: Խոսքը այդ համայնքները մարզկենտրոն Վանաձորին կապող ճանապարհի վերակառուցման մասին է: Մ6-Աթան ճանապարհի hիմնանորոգման համար գումարը հատկացրել է Կառավարությունը: 27.5 կմ-ի ասֆալտապատման համար կծախսվի 2.7 մլրդ դրամ:
Գոռ Ավետիսյան (ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Բացի այդ, 6 համայնքի կենտրոնական՝ Հ70 ճանապարհի ասֆալտապատումից, մենք նաև ունենք 4 համայնք՝ Ահնիձոր, Քարինջ, Լորուտ և Մարց համայնքները, որոնք առանձին տեղական նշանակության ճանապարհներ են, առանձին պրոյեկտով կապելու ենք Հ70՝ Մարց-Աթան ճանապարհին: Դրա արժեքը 872 մլն դրամ է:
45 տարի անց ճանապարհը կասֆալտապատվի, գյուղացիների խոսքով՝ այն երբեմն խճապատվել է: Աթանի գյուղապետը թվարկում է ճանապարհի պատճառով ծագող խնդիրները. Աթանից Վանաձոր մոտ 55 կմ է, բայց այն անցնելու համար երկու ժամից ավելի է ծախսվում: Մինչև բերքը Վանաձորի շուկա են հասցնում, ճանապարհին փչանում է, մեքենաները շարքից դուրս են գալիս: Խնդիր է հիվանդին հիվանդանոց տեղափոխելը: Դեպք է եղել նաև, որ ծննդկանին չեն կարողացել հասցնել հիվանդանոց, երեխան ծնվել է ճանապարհին: Վստահ են՝ ճանապարհի կառուցումը որոշ չափով կկանխի գյուղերից արտագաղթը:
Տիգրան Քոչարյան (Աթան համայնքի վարչական ղեկավար) - Ճանապարհը կարևոր է ոչ միայն գյուղի համար, այլև ունի ռազմավարական նշանակություն: Տարանցիկ է մինչև Իջևան գնացող: Որ հյուր են գալիս, տաքսին, որ շփոթված գալիս ա մի անգամ, ինչքան փող տաս, էլ չի գա:
Ճանապարհի կառուցման մրցույթը կայացել է անցած տարվա հոկտեմբերին, շինարարի հետ կնքվել է պայմանագիր: «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենի խոսքով՝ 6 գյուղերի համար ճանապարհն ունի կենսական նշանակություն, քանի որ համայնքներն ունեն զբոսաշրջային և անասնապահական մեծ ներուժ:
Գոռ Ավետիսյան - Ունենք տեխնիկական մի խնդիր, սկզբի 10,7 կմ վրա ունենք երկու ՀԷԿ, խողովակները մեր շինարարական աշխատանքին խանգարում են, այս պահին բանակցում ենք, որ խողովակները տեղափոխեն հեռու, որ կառուցենք ճանապարհը:
Այդ հարցը լուծելուց հետո, ըստ Ավետիսյանի, հնարավոր կլինի այս տարի ավարտել ճանապարհի վերակառուցումը: